Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունում  տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակի  առողջության կենտրոն են հոսպիտալացվում  Վահան գյուղի տարբեր տարիքի  բնակիչներ:

Հունիսի 6-ին, ժամը 10:45-ի դրությամբ դիմել է  25 անձ, որից 7-ը՝ 4-ից 14 տարեկան երեխա:

Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, լուծ, ընդհանուր թուլություն, մի մասի մոտ՝ ջերմություն:

Հիվանդներից 6-ը, որից մեկը՝ երեխա, ստացել են առաջնային բուժօգնություն եւ տուն ուղարկվել, իսկ  19-ը՝ հոսպիտալացվել է: Նրանցից 12-ի վիճակը գնահատվում է թեթեւ, 7-ի վիճակը՝ միջին ծանրության:

Դեպքերի առաջացման պատճառը  պարզաբանելու նպատակով ձեռնարկվել  են  կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ, որոնք զուգորդվում են լաբորատոր հետազոտություններով:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է,  որ բոլոր հիվանդները կերել են թութ՝ գնված իրենց գյուղում այդ օրը ժ. 16-ի մոտակայքում միրգ վաճառող նույն անձից:

Հիվանդների վիճակն այժմ բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Իրականացվում են բակային համայցեր՝ հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով:

Աշխատանքները տարվում են շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ: