Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից թունավորման ախտանիշներով Ճամբարակի առողջության կենտրոն տեղափոխված 28 գյուղացիներից 8-ն այսօր դուրս է գրվել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը:
«20 հոգի այս պահին դեռ մեզ մոտ բուժում են ստանում, որից 5-ը միջին ծանրության են, հիմնականում՝ տարեցներ են: Բոլոր հոսպիտալացվածները նշում են, որ թութ են կերել: Մենք արդեն թթի նմուշներն ուղարկել ենք լաբորատոր փորձաքննության, օրվա ընթացքում պատասխանները կստանանք»,- ասաց Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ, թութը թթված եւ փչացած է եղել:
Վահան համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանն էլ NEWS.am-ի հետ զրուցում ասաց, որ տուժածները մեկ թաղամասի բնակիչներ են, որոնք բոլորն են նախօրեին Արտաշատից բերված թութ են կերել:
«Երեկ երեկոյան ժամը 10:00-ից են սկսել մարդկանց տեղափոխել, մինչեւ գիշերը ժամը 5-ը, նաեւ այսօր առավոտյան: Բոլորի մոտ էլ նույն ախտանշաններն են եղել՝ սրտխառնոց, փորլուծություն, մկանային ցավեր»,-ասաց գյուղապետը, որը գտնվում էր Ճամբարակի առողջության կենտրոնում:
Նշենք, որ հոսպիտալացվածներից 7-ը 4-14 տարեկան երեխաներ են եղել:






