Ամառը շատ լավ ժամանակաշրջան է մաշկի համար. արեւի ճառագայթներն ու արեւայրուքը դրական ազդեցություն են ունենում, սակայն միայն արեւապաշտպանիչ ճիշտ քսուքներ օգտագործելու դեպքում։ Այս մասին այսօր` հունիսի 6-ին, լրագրողներին ասաց մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը։
«Այն արեւապաշտպան միջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանում, պետք չէ օգտագործել, օրինակ, Սեւ ծովի դեպքում, պետք է ընտրեք ավելի ուժեղ ազդեցություն ունեցող քսուքներ։ Խորհուրդ է տրվում նաեւ քսուքները մինչեւ մեկնելը փորձել այստեղ, քանի որ նրանք կարող են ալերգիա առաջացնել, իսկ հարկ եղած դեպքում դիմել բժշկի»,- ասաց Հովհաննիսյանը։
Մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ արեւայրուք չընդունել 12։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ այդ ժամանակ այրվածքներ ստանալու հավանականությունը մեծանում է. «Արեւայրուք ստանալ պետք է, բայց պետք է ճիշտ միջոցներ կիրառել հետագա խնդիրներից խուսափելու համար, նախքան մեկնելը անպայման տեղեկանալ եղանակի եւ արեւի ճառագայթների ուժգնության մասին»։
Երեխաների արեւայրուքի համար մասնագետը խորհուրդ է տալիս օգտվել հենց նրանց համար նախատեսված քսուքներից եւ անպայման խորհրդակցել բժշկի հետ։






