Հարավային Կորեայի իշխանությունները պատրաստվում են բջջային հեռախոսների միջոցով տեղեկություններ ստանալ MERS վիրուսով պոտենցիալ վարակվածների գտնվելու վայրն ու շփումները:

Ինչպես հայտնում է Reuters-ը, այս որոշումն ընդունվել է վարակվածքների քանակի աճի ֆոնին: Երկրի առողջապահության նախարարությունը հունիսի 8-ին հայտնեց վարակման 23 նոր դեպքերի մասին: Վարակվածների թվում է մեկ երեխա: Ավելի վաղ համարվում էր, որ երեխաները զգայուն չեն վիրուսի նկատմամբ:

Վարակվածների ընդհանուր քանակը 87-ն է, մահացածներինը՝ 6:

Առնվազն 2300 մարդ գտնվում է կարանտինում: Որոշները պահվում են բուժհաստատություններում, սակայն մեծամասնությունը կարանտինն անցկացնում է տանը: Առողջապահության նախարարությունը պահանջում է, որ նրանք տնից դուրս չգան:

Կրթության նախարարությունը հայտնել է, որ երկուշաբթի օրվանից կփակվի մոտ 200 դպրոց: