Նոր սարքավորումը, որը շատերն անվանում են «արջի ճանկ», «ներծծում» եւ հեռացնում է նախաքաղցկեղային գոյացությունները աղիքային համակարգից ընդամենը 45 րոպեի ընթացքում: Շատ գիտնականներ արդեն իսկ անվանում են այս սարքավորումը մեծ առաջընթաց քաղցկեղի բուժման ոլորտում, հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները:

Պոլիպները աղիքների մակերեսին ձեւավորվող փոքրիկ գոյացություններ են, որոնք  ի հայտ են գալիս որոշ մարդկանց մոտ եւ հետագայում կարող են քաղցկեղի վերածվել: Այդ պատճառով դրանք երբեմն հեռացվում են վիրաբուժական ճանապարհով, ինչի ընթացքում երբեմն բարդություններ կարող են լինել:

Գոյություն ունեն դրանց հեռացման մի քանի ոչ վիրաբուժական միջոցներ եւս՝ փոքրիկ ասեղների միջոցով, որոնց միացրած են հատուկ խողովակին: Սակայն այս բոլոր միջոցները անհնար է օգտագործել, եթե գոյացությունները գտնվում են ոչ թե աղիքների պատերին, այլ ավելի խորը: Եթե հեռացվեն միայն այս բջիջները, քաղցկեղի վտանգը կպահպանվի, իսկ ավելին հեռացնելու դեպքում կարող է պատռվել աղիքի պատը, ինչը կհանգեցնի կյանքի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիաների:

Այժմ Մեծ Բրիտանիայում՝ Southampton General Hospital կլինիկայում սկսել են օգտագործել այս նոր սարքավորումը, որի իսկական անունը ամբողջ հաստությամբ ռեզեկցիայի սարքավորում է (full-thickness resection device (FTRD)), եւ դրա միջոցով բժիշկները հեռացնում են դժվար հասանելի գոյացությունները ընդամենը 45 րոպեի ընթացքում: Ռիսկերն այս դեպքում շատ ավելի քիչ են, քան այլընտրանքային պրոցեդուրաների դեպքում:

FTRD-ն հատուկ «թաթի» միջոցով բռնում է հիվանդ հյուսվածքները եւ ներծծում դրանք խողովակի մեջ: Իսկ խողովակի մեջ հենց «արջի ճանկն» է, որը մնում է բաց ճնշման տակ: Այն ոչ միայն հեռացնում է ուռուցքը, այլ նաեւ փակում վերքը:

Ինչպես նշեց բժիշկ Ֆիլիպ Բոգերը՝ վերոնշյալ կլինիկայի գաստրոէնտերոլոգը, այս սարքավորման շնորհիվ շատ պացիենտներ կկարողանան խուսափել լայնածավալ աբդոմինալ վիրահատություններից: Ինքը բժիշկը, ի դեպ, արդեն իսկ կիրառել է սարքավորումը երեք հիվանդների վրա եւ արել է դա բավականին արդյունավետ: