2015 թվականի ընթացքում կարմրուկով վարակված հայերը պատվատսված չեն եղել եւ այս հիվանդության դեպ իմունիտետ չեն ունեցել: Վարակվածներից 5-ը առհասարակ պատվաստված չեն եղել, երկու հոգի էլ մասնակի են պատվաստված եղել. նրանց ընդամենը մեկ պատվաստում է արվել երկուսի փոխարեն: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը 

Նրա խոսքով՝ հիվանդությունը «բերել են» այլ երկրներից՝ հիմնականում ՌԴ-ից ու Եվրոպայից: Բացի այդ՝ ամռանը  կարմրուկի տարածման վտանգը շատ ավելի մեծ է, քան տարվա մյուս եղանակներին, քանի որ ամառվա ընթացքում մարդիկ ավելի հաճախ են արտերկիր մեկնում, ացյելում զանգվածային միջոցառումներ եւ շփվում միմյանց հետ:

Իր հերթին առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը նշեց, որ վարակվածներից մեկը դեռեւս գտնվում է իր գլխավորած կլինիկայում: Պացիենտն ընդունվել է բավականին ծանր վիճակում, սակայն այժմ նրա վիճակը նորմալիզացվել է: Տարվա սկզբից բանախոսի ղեկավարած կլինիկայում կարմրուկից բուժում է ստացել 4 հոգի, բոլորն էլ ապաքինվել են:

Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը իր հերթին նշեց, որ Հայաստանում երեխաների 97 տոկոսը կարմրուկի դեմ պատվաստանյութ են ստանում, իսկ մնացած երեք տոկոսը գտնվում են ռիսկի խմբում: Եթե ամեն տարի մարդկանց երեք տոկոսը չպատվաստվի, ժամանակի ընթացքում ռիսկի խմբում ընդգրկված մարդկանց մի մեծ խումբ կձեւավորվի: