Հայաստանում սննդամթերքում առկա մի շարք քիմիական նյութերի քանակը ոչ մի կերպ չի վերահսկվում, եւ դա հղի է մի շարք խնդիրներով:

Ինչպես լրագրողներին պատմեց Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լեւոն Աճեմյանը, սննդի մեջ տրանսճարպերի, նիտրիտների եւ այլ քիմիական նյութերի ավելցուկը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ:

Տրանսճարպերը, որոնք, մասնագետի խոսքով, պարունակվում են, օրինակ, սպրեդի եւ մարգարինի մեջ, կարող են վտանգավոր լինել օրգանիզմի համար եւ մեծացնել մի շարք հիվանդությունների (մասնավորապես, սիրտ-անոթային հիվանդությունների) առաջացման հավանականությունը:

«Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության» նախագահ Մելիտա Հակոբյանը իր հերթին նշեց, որ գրեթե բոլոր զարգացած երկրներում այդ քիմիական նյութերի քանակը խիստ վերահսկվում է, եւ արտադրողները պարտավոր են պիտակների վրա դրանց մասին տեղեկություններ գրել: Եթե հայերը ցանկանան այդ երկրներ ապրանք արտահանել, դրանց արտադրանքի վրա պետք է անպայման նշվի, օրինակ, տրանսճարպերի պարունակությունը:

Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելոռուսում, օրինակ, տրանսգեն ճարպերի մասին անպայման մակնշվում է: Սակայն խնդիրն այն է, որ այնտեղից մեզ մոտ եկող սննդամթերքի վրա այդ ճարպերի մասին տեղեկություններ չեն նշվելու, սակայն Հայաստանից պահանջելու են դեպի այդ երկրներ արտահանվող ապրանքների վրա նշել ճարպերի եւ քիմիկատների քանակը:

Մելիտա Հակոբյանի խոսքով՝ ցանկալի է, որ տրանսճարպերի մասին տեղեկությունները նշվեն նաեւ Հայատանում արտադրվող եւ Հայաստան մտնող բոլոր մթերքների վրա: