Մալարիայով վարակված հիվանդի վիճակն այս պահին կայուն է, վատացում չկա: Այս մասին NEWS.am Medicie-ի թղթակցին պատմեց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Նրա խոսքով՝ հիվանդի վիճակն այս պահին համապատասխանում է հիվանդության կլինիկական նկարագրությանը: Պարբերաբար նրա ջերմությունը բարձրանում է, եւ ջերմության բարձրացման ժամանակ լինում են դող եւ սարսուռ, ինչպես եւ պետք է լիներ նման դեպքերում:

Հիվանդն այժմ հատուկ դեղամիջոցներ եւ չափորոշիչներով սահմանված բուժում է ստանում, եւ նրա վիճակը կարծես թե լավանում է:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին, ժամը 14.00-ին Աէրոֆլոտ ռուսաստանյան ավիաընկերության օդանավով Տանզանիա-Մոսկվա-Երեւան չվերթով աշխատանքային այցով Երեւան է ժամանել Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացի, ում մոտ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանները բարձր ջերմություն են հայտնաբերել՝ 39.2 աստիջան:

Որպես մալարիայով կասկածելի հիվանդի բժիշկ-համաճարակաբանները նրան տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արեւադարձային մալարիա։ Երեկ ժամը 21.30-ի դրությամբ Արա Ասոյանը հիվանդի վիճակը գնահատել էր միջին ծանրության: