Այս պահին մալարիայով հիվանդ պացիենտը բուժաշխատողների եւ կոնտակտավոր անձանց համար վտանգավոր չէ, քանի որ մալարիան օդակաթիլային ճանապարհով չի տարածվում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Ինչպես պարզաբանեց մասնագետը, մալարիան տարածվում է հատուկ տիպի մոծակների միջոցով, որոնք, խայթելով հիվանդ մարդուն, իսկ ապա՝ առողջ մարդուն, կարող են վարակը մեկից մյուսին փոխանցել: Սակայն Հայաստանում նման մոծակներ չկան, իսկ այստեղ առկա մոծակներն այս հիվանդությունը տարածել չեն կարող:

Գլխավոր ինֆեկցիոնիստի խոսքով՝ վերջին ինը ամիսների ընթացքում սա արդեն մալարիայի երրորդ դեպքն է Հայաստանում: Երեքն էլ, մասնագետի խոսքով, «բերովի» դեպքեր էին՝ տարբեր աֆրիկյան երկրներից, ընդ որում, հիվանդներից մեկը Հայաստանի քաղաքացի էր, մյուս երկուսը՝ արտասահմանցիներ:

Հիշեցնենք, որ երեկ, հունիսի 10-ին, ժամը 14.00-ին Աէրոֆլոտ ռուսաստանյան ավիաընկերության օդանավով Տանզանիա-Մոսկվա-Երեւան չվերթով աշխատանքային այցով Երեւան է ժամանել Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացի, ում մոտ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանները 39.2 աստիջան ջերմություն են հայտնաբերել:

Որպես մալարիայով կասկածելի հիվանդի բժիշկ-համաճարակաբանները նրան տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արեւադարձային մալարիա։ Երեկ ժամը 21.30-ի դրությամբ Արա Ասոյանը հիվանդի վիճակը գնահատել էր միջին ծանրության: Այսօր հիվանդի վիճակն արդեն կայուն է, եւ նա բուժում եւ դեղամիջոցներ է ստանում: