Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը համալրեց իր բազան վերջին սերնդի էնդոսկոպիկ հենակով, որը նկատելիորեն բարձրացնում է միզապարկի ուռուցքների եւ շագանակագեղձի ադենոմայի վիրահատությունների՝ ներմիզուկային մասնահատման (տրանսուրետրալ ռեզեկցիա՝ ՏՈՒՌ) արդյունավետությունն ու անվտանգությունը:
Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում Ինստիտուտի փոխտնօրեն, բժշկական գիտություններ դոկտոր, ուռոլոգիայի պրոֆեսոր Ռուբեն Բորոյանը, STORZ ֆիրմայի այս էնդոսկոպիկ հենակը, որը էներգիայի ունիվերսալ աղբյուրով է համալրված, հնարավորություն է տալիս իրականացնել ինչպես երկբեւեռ, այնպես էլ միաբեւեռ ռեզեկցիա (հատում) ու կոագուլյացիա:
Նրա խոսքով՝ երկբեւեռ էներգիայի օգտագործումը շագանակագեղձի գերաճի (ադենոմայի) բուժումը շատ ավելի արդյունավետ է դարձնում, ինչպես նաեւ անվտանգ ու կոմֆորտային հիվանդի համար:
«Ընդհանրապես, էնդոկսոպիկ վիրահատությունը շագանակագեղձի գերաճի դեպքում կամ ներմիզուկային մասնահատումը «ոսկե ստանդարտ» է համարվում: Բաց վիրահատություններ այս դեպքում մենք շատ հազվադեպ ենք անում, միայն որոշակի ցուցումների առկայության դեպքում, եւ դրանցից մեկը՝ գերաճի մեծ չափսերն են», - բացատրեց բժիշկը: Նա հավելեց, որ երկբեւեռ ռեզեկցիան այս հարցը եւս լուծում է: Եթե մեծ չափերի գերաճի միաբեւեռ մասնահատումը վիրահատության տեւողության երկարացման պատճառով կարող է հանգեցնել սպեցիֆիկ կողմնակի ազդեցության, ապա երկբեւեռ էներգիայի օգտագործմամբ կողմնակի ազդեցության հավանականությունը նվազում է, վիրահատությունը արյան ավելի քիչ կորստով է ուղեկցվում, եւ վերքերի ապաքինման ժամանակահատվածը եւս նվազում է, պատմեց Ռ.Բորոյանը:

Մասնագետը պարզաբանեց, որ բոլոր ուռոլոգներին է հայտնի «ՏՈՒՌ–սինդրոմ» հասկացությունը, որի ձեւավորումը պայմանավորված է թորած ջրի օգտագործմամբ ներմիզուկային միաբեւեռ մասնահատման ժամանակ: Թորած ջուրը երկարատեւ վիրահատությունների դեպքում կարող է հայտնվել անոթներում եւ հանգեցնել ջրային ինտոկսիկացիայի: Հենց այդ պատճառով խոշոր գերաճերի դեպքում՝ այսինքն, այն ժամանակ, երբ մտավախություն կա, որ վիրահատությունը կարող է շատ ժամանակ պահանջել, ուռոլոգները գերադասում են բաց վիրահատություն իրականացնել: Սակայն երկբեւեռ ռեզեկտոսկոպերի տեխնոլոգիայի մշակումը, որոնք աշխատում են ֆիզիոլոգիական լուծույթի մեջ, հնարավորություն տվեց լուծել այս խնդիրը:
Ինստիտուտի փոխտնօրենի խոսքով՝ էնդոսկոպիկ հենակը ապահովված է նաեւ լույսի ժամանակակից աղբյուրով, որը նկատելիորեն բարելավում է վիրահատության ընթացքում վիզուալիզացման գործընթացը:
«Այսինքն՝ ես կարող եմ պնդել, որ այս սարքավորման ձեռքբերումը նոր որակ է հաղորդում մեր կլինիկայում մատուցվող վիրաբուժական ծառայություններին, դրանք մի աստիճան բարձր մակարդակի է դուրս բերում: Սա նորարարական սարքավորում է շագանակագեղձի գերաճի եւ միզապարկի ոչ ինվազիվ ուռուցքների վիրահատության՝ «ոսկե ստանդարտի» համար», – նշեց նա:
Մասնագետը հայտնեց, որ նոր հենակը հնարավորություն է տալիս իրականացնել նաեւ այլ էնդոսկոպիկ վիրահատություններ, ոչ միայն ՏՈՒՌ, մասնավորապես՝ երիկամների եւ միզածորանի վիրահատություններ: Այս սարքավորումը նաեւ լապարոսկոպիկ ուռոլոգիական միջամտությունների զարգացման հնարավորություն է տրամադրում:
Պրոֆեսոր Բորոյանը նշեց նաեւ, որ նույնիսկ գերժամանակակից սարքավորումները ոչ հմուտ ձեռքերում ոչնչի են վերածվում, այնինչ մասնագետի ձեռքերում դրանք բացահայտում են բժշկական նորարարությունների բոլոր առավելությունները: Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում ժամանակակից սարքավորումների առկայության հետ մեկտեղ նաեւ լուրջ մասնագիտական թիմ է աշխատում:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի






