Հայաստանի Հանրապետությունում 1994 թվականից սկսել են արձանագրվել Եռօրա մալարիայի դեպքեր, որոնք շարունակվել են մինչեւ 2005 թվականը: Համակարգված պայքարի շնորհիվ 2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել։ 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք: 2006 թվականից սկսած հանրապետությունուոմ արձանագրվել են միայն Աֆրիկա մայրցամաքից բերովի եզակի դեպքեր, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Մալարիան միաբջիջ հարուցիչներով պայմանավորված Անոֆելես ցեղի մոծակի խայթելու միջոցով փոխանցվող տեղաճարակային (էնդեմիկ) հիվանդություն է: Տարբերում են մալարիայի 4 տեսակ՝ եռօրյա, քառօրյա, արեւադարձային, օվալե մալարիա: Մալարիային բնորոշ է հիվանդության սուր սկիզբը` հանկարծակի սկսվող սարսուռ, ջերմաստիճանի արագ բարձրացում մինչեւ 39-40˚, տենդ` հաջորդող առատ քրտնարտադրությամբ: Առավել ծանր է ընթանում Արեւադարձային մալարիան, որն ուշ ախտորոշման եւ անհամապատասխան բուժման դեպքում կարող է բերել մահվան:

2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մալարիայի բերովի 2 դեպք, որոնցից վերջինը՝ հունիսի 10-ին Տանզանիայից ժամանած Ֆինլանդիայի քաղաքացու մոտ:

Մալարիան շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը։ Շատ երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում, եւ շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: 2000 թվականից սկսած թեեւ աշխարհում մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն ներկայումս էլ տարեկան շուրջ 500 հազար մարդ մահանում է այս հիվանդությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ պետական սահմանի անցակետում հայտնաբերվել է մալարիայով հիվանդ Ֆինլանդիայի քաղաքացի, ով անմիջապես տեղափոխվել  է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արեւադարձային մալարիա։ Նկատի ունենալով, որ վարակը փոխանցվում է միայն մոծակի խայթելու միջոցով՝ հիվանդի բուժումը կազմակերպվում է ցանցապատ պատուհաններով հիվանդասենյակում: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային եւ շփման եղանակով, ուստի անմիջական շփման ժամանակ վտանգավոր չէ շրջապատող մարդկանց համար:

Հիվանդի վիճակն այսօր ավելի լավ է։ Առավոտյան նա ջերմություն չի ունեցել։ Կեսօրին մոտ ջերմությունը սկսել է բարձրանալ, ի հայտ են եկել թեթեւ դող եւ սարսուռ։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են հիվանդությանը բնորոշ։ Կա լավացման միտում։ Բուժումը պետական պատվերի շրջանակում շարունակվում է։