Սթրեսի նկատմամբ ճիշտ ռեակցիան երկարատեւ կյանքի բանալին է, նշում են Փենսելվանիայի համալսարանի մասնագետները: Նրանց խոսքով՝ սթրեսային իրավիճակի պոզիտիվ գնահատումը նվազեցնում է սթրեսի հետ կապված բորբոքման մակարդակը:
Մասնագետները վերլուծել են 827 մարդու տվյալները: Կամավորները 8 օրվա ընթացքում պատմում էին սթրեսային իրադրությունների մասին եւ իրենց՝ այդ իրադրությունների ազդեցությամբ ի հայտ եկած էմոցիաների մասին: Դա թույլ տվեց գիտնականներին պարզել, թե ինչ ռեակցիա էին դրսեւորում կամավորները սթրեսի նկատմամբ, գրում է The Daily Mail-ը:
Մասնագետները նաեւ վերլուծել են կամավորների արյան նմուշների բորբոքման բիոմարկերները: Պարզվեց, որ բորբոքման մակարդակը սովորաբար բարձրանում էր այն մարդկանց մոտ, որոնք չէին կարողանում հաղթահարել սթրեսային իրադրությունները: Բացի այդ՝ հետազոտությունը ցույց տվեց, որ կանայք ավելի են հակված քրոնիկ բորբոքման: Գիտնականները դրա պատճառները, սակայն, դեռեւս չգիտեն:
Տարբեր հիվանդությունների դեպքում մեր օրգանիզմում ի հայտ եկող իմունային պատասխանը թույլ է տալիզ մեզ ավելի արագ վերականգնվել: Սակայն քրոնիկ բորբոքումը կարող է խաթարել առողջությունը: Այն կապված է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսին են ճարպակալումը, սրտի հիվանդություններն ու քաղցկեղը: Մասնագետները խորհուրդ չեն տալիս շատ սուր արձագանքել սթրեսին: Պետք է պարզապես մտածել, կարեւոր կլինի արդյոք տվյալ խնդիրը 5 տարի անց: Եթե ոչ, պետք չէ նյարդայնանալ դրա պատճառով:






