Հայաստանը պարտավորվել է մինչև 2025 թվականը 25%-ով կրճատել ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) վաղաժամ մահացությունը։ Այս մասին ասվել է ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած Առողջապահության համաշխարահային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակի թիմի հետ հանդիպման ժամանակ։ Թիմը Հայաստանում է գտնվում ` ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և կառավարման արդյունքների բարելավման առումով առողջապահական համակարգի մարտահրավերներն ու հնարավորությունները գնահատելու առաքելությամբ։

ԱՀԿ թիմի անդամ Ջիլ Ֆարինգթոնը նշեց, որ Հայաստանում հիվանդացության ու մահացության հիմնական պատճառները սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետն են, որոնց հաղթահարման ուղղությամբ արդեն իսկ մշակվել և իրականացվում են ռազմավարական ծրագրեր։ Իսկ այդ հիվանդությունների ռիսկի հիմնական գործոններն են ծխելու շատ մեծ տարածվածությունը հատկապես տղամարդկանց շրջանում (եվրոպական տարածաշրջանում ամենաբարձրը), անառողջ սնունդը, ճարպակալումը, նստակյաց կենսակերպը։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև գլոբալ նպատակին հասնելուն խոչընդոտող ռիսկի գործոններին։ Նպատակներից առանձնացվեցին նաև զարկերակային գերճնշման, ծխախոտի օգտագործման, թերակտիվության տարածվածության և ալկոհոլի չարաշահման տարածվածության կրճատումը և այլն։

Ռիսկի առկա բարձր գործոնների պայմաններում կարևորվեցին կանխարգելիչ ծրագրերը։

«Հիվանդությունների կանխարգելումն առողջության առաջնային օղակում, այդ ուղղությամբ երկրում իրականացվող ծրագրերը կարող են օժանդակել գլոբալ նպատակներին հասնելուն»,-ասաց ԱՀԿ փորձագետ Աննա Կորոտկովան։

Մտահոգություն հայտնվեց, որ թեև սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը Հայաստանում ավելի ցածր է, քան հետխորհրդային շատ երկրներում, սակայն շարունակում է բարձր մնալ եվրոպական տարածաշրջանի միջին ցուցանիշից։

Գնահատման նպատակով ԱՀԿ թիմը ուսումնասիրություններ է կատարել Երևանի, ինչպես նաև Արագածոտնի և Արարատի մարզերի բժշկական կազմակերպություններում` առաջնորդվելով համակարգված մոտեցումներով։ Արդյունքները հնարավորություն են տվել պատկերացում կազմել ղեկավարման, առաջնային օղակում հիվանդություների կանխարգելման, բուժօգնության որակի ապահովման և առողջապահության ֆինանսավորման ոլորտներում իրականացվող ծրագրերի, դրանցից ակնկալվող արդյունքների, ինչպես նաև առկա խնդիրների մասին։

Ընդգծվեց, որ ՈՎՀ-ը գերակա խնդիր է և պայմանավորված է երկրի տնտեսական աճով: Այս ենթատեքստում կարևորվեցին հանրային առողջապահական ծառայությունների ինքնագնահատման նախաձեռնությունը, հանրային առողջապահության ռազմավարության առկայությունը, ինչպես նաև առողջապահության համակարգի կատարողականի գնահատման հաշվետվությունների օգտագործումը քաղաքականություն մշակողների կողմից:

Նրանք անդրադարձան նաև սկրինինգային ծրագրերի արդյունավետության բարձրացման, բուժօգնության որակի ապահովման, միասնական սոցիալական ապահովագրության համակարգի աստիճանական ձևավորման, միջին բուժանձնակազմի դերի բարձրացման, առողջապահության ֆինանսավորման և այլ ոլորտներում առկա ձեռքբերումներին ու խնդիրներինը։ ԱՀԿ թիմը նշեց, որ Հայաստանում ցածր է առողջապահական ծախսերի մակարդակը։ Եվրոպական տարածաշրջանում այն գրավում է վերջին տեղը։ Մինչդեռ բժշկական ծառայությունների որակի և մատչելիության ապահովումը մեծապես պայմանավորված է ֆինանսավորումից։

ԱՀԿ թիմը ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին և ներկայացուցիչներին ներկայացրեցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ առողջապահական կարևոր ցուցանիշների բարելաման համար։

«Սա մեր համատեղ աշխատանքի սկիզբն է։ Այսօր ներկայացված նախնական կարծիքների առթիվ ակնկալում ենք ձեր առաջարկներն ու մոտեցումները»,-ասաց Ջիլ Ֆարինգթոնը։ Նա նշեց, որ հաշվետվության նախնական տարբերակի մշակումը կավարտվի մինչև 2015թ. օգոստոսը։ Այնուհետև, հաշվի առնելով Հայաստանից ստացված մեկնաբանությունները և դիտողությունները, մինչև 2015թ. հոկտեմբեր կմշակվի հաշվետվության վերջնական տարբերակը։

Մեկ շաբաթվա ընթացքում կատարած մեծածավալ և կարևոր աշխատանքի համար ԱՀԿ թիմին շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը։