Երկու վիրահատությունից հետո Կարո Սիմոնյանը, ում ձեռքը պոկվել էր շինարարական աշխատանքների ժամանակ, իրեն նորմալ է զգում, օրգանիզմի կողմից ձեռքի մերժում չկա: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Երեւանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը:
Վիրաբույժի խոսքով, տղայի գիտակցությունը տեղում է, բայց նա դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, եւ այցելել նրան դեռեւս չի կարելի:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երեւանի թիվ №1 համալսարանական կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել 1993 թվականին ծնված Կարո Սիմոնյանը՝ արմնկային հոդի շրջանից պոկված ձեռքով: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել «Դալմա» առեւտրի կենտրոնից ոչ հեռու, որտեղ շինարարական աշխատանքներ են տարվում: Սիմոնյանի ձեռքը մնացել է վերելակի եւ պատի արանքում: Նրան երկու վիրահատություն են կատարել:






