Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 16-ին փորձագետների արտահերթ հանդիպում է հրավիրել մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի (MERS) կորոնավիրուսի տարածման հարցով։
«ԱՀԿ արտակարգ հանձնաժողովի առաջիկա հանդիպման օրակարգում դրված է MERS վիրուսի համաճարակաբանության մասին տեխնիկական տեղեկություն եւ նախազգուշական տեղեկություն տրամադրելու հարցը։ Հանդիպումը կկայանա Ժնեւում՝ ԱՀԿ գրասենյակում»,-ասված է հունիսի 13-ին ԱՀԿ տարածած հայտարարության մեջ։
Կորոնավիրուսի դեմ պայքարող առաքելության ներկայացուցիչները եւ Հարավային Կորեայի կառավարությունը հունիսի 13-ին հայտարարել են, որ MERS վարակը Հարավային Կորեայում չի հաջողվի արագ հաղթահարել։ Ըստ վերջին տեղեկությունների՝ Կորեայի Հանրապետությունում վարակվել է 138 մարդ, որոնցից 14-ը մահացել են։
Մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսը հիվանդության վաղ փուլերում հատուկ ախտանշաններ չունի։ Հատկապես խոցելի են թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ, թոքերի քրոնիկ հիվանդություն ունեցողները, դիաբետ եւ երիկամային անբավարարություն ունեցող մարդիկ։ Համաձայն ԱՀԿ տեղեկությունների՝ աշխարհում հունիսի 9-ի դրությամբ գրանցվել է MERS վիրուսի վարակման 1218 դեպք, որոնցից 449-ը՝ մահացու ելքով։






