«Մենք պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին դատի չենք տվել: Մենք դիմել ենք Հայաստանի գլխավոր դատախազին՝ նրա կողմից ներկայացված փաստերը ստուգելու եւ բացահայտելու համար: Բնականաբար, մեղավորները կպատժվեն»։ Այս մասին հունվարի 29-ի ասուլիսում հայատարարել է Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի առողջապահության համակարգում «ատկատների» վերաբերյալ հայտարարության մասին լրագրողների հարցերին։
«Ես վստահ եմ, որ նրա կողմից բարձրացված հարցը ներկայումս ակտուալ չէ», - նախ նշել է նախարարը, բայց հետո սկսել է պարզաբանել այդ «ոչ ակտուալ հարցը» եւ անգամ շնորհակալություն է հայտնել տիկին Լյուդմիլա Սարգսյանին «շատ կարեւոր հարցը» բարձրացնելու համար։ «Իր հայտարարությունում Սարգսյանը տեղեկություն է տարածել այն մասին, որ պետպատվերի տեղերի բաշխման ժամանակ բուժհաստատությունները 5-10% -ի չափով «ատկատ» են տալիս: Ես գրավոր կերպով դիմել եմ նրան ապացույցներ ներկայացնելու խնդրանքով, ինչին նա պատասխանել է, որ պարտավոր չէ դա անել: Այդ պատճառով էլ մենք դիմել ենք Հայաստանի գլխավոր դատախազին՝ այս հարցին հետամուտ լինելու խնդրանքով: Մենք շնորհակալ ենք Լյուդմիլա Սարգսյանին այս հարցը բարձրացնելու համար, քանի որ մենք շատ կարեւորում ենք այն»,- ասել է նա:
Բացատրելով պետպատվերի բաշխման մեխանիմզը, Դերենիկ Դումանյանն ասել է. «Մենք չենք ֆինանսավորում բուժհաստատությունները: Մենք ֆինանսավորում ենք Աղգային ժողովի կողմից հաստատված բուժծրագրերը: Վերցնենք ծննդօգնության բնագավառը: Մենք որոշակի քանակի ծննդատներ ունենք եւ դիմում ենք նրանց՝ պետպավերի տեղաբաշխման համար, քանի որ մենք պարտավոր ենք գումար փոխանցել այն ծննդատուն, որտեղ դիմում է ծննդկանը: Մենք հաստատում ենք կողմնորոշիչ պատվերները: Քանի որ տարվա վերջում կարող է պարզվել, որ մի ծննդատանը ծննդօգնությունը եղել է քիչ, քան ենթադրվում էր, իսկ մեկ այլ ծննդատանը՝ ավելի շատ, քան ենթադրվում էր, մենք պետք է վերաբաշխենք ազատված գումարը, քանի որ մենք ֆինանսավորում ենք բուժման դեպքերը, այլ ոչ թե հիվանդանոցը»:
Այդ տեսանկյունից, նախարարի խոսքով, տիկին պատգամավորի հայտարարությունը նրա համար շատ կարեւոր է: «Ես անձամբ կհետեւեմ, որ այս հարցը քննարկեն»,- ասաց նա: « Ինչպես է եղել մնացորդային գումարների հետ կապված հարցը մինչ ինձ, չեմ կարող ասել»,- ավելացրել է նա:
Այսօրվա դրությամբ առողջապահության նախարարությունը պայմանագիր ունի 500 բուժհաստատությունների հետ: Դրանցից միայն 12-ն են գտնվում իրենց ենթակայության տակ: Մնացածը գտնվում են քաղաքապետարանի ենթակայության տակ, կան նաեւ մարզային եւ մասնավոր կառույցներ: «Նախորդ տարվա ընթացքում ես չեմ լսել, որ բուժհաստատությունները դժգոհություն հայտնեն, որ մենք նրանց հետ պայմանագիր չենք կնքել այն պատճառով, որ իրենք հրաժարվել են վերադարձնել Լյուդմիլա Սարգսյանի կողմից նշված գումարը»:
«Մեզ արդեն այցելել են քննչական բաժնից՝ այս գործի հետաքննության նպատակով: Մենք ինքներս հետաքրքրված ենք դրանով: Որպեսզի, եթե տիկին պատգամավորի հայտարարությունը ինչ-որ չափով հաստատվի, մենք բացառենք այդ երեւույթները», - ասել է նախարարը։
Լրագրողի հակադարձ հարցին այն մասին, որ Սերժ Սարգսյանն անձամբ է դիմել Դերենիկ Դունամանյանին «ատկատներին» վերաբերող հարցով, նախարարը պատասխանեց՝ «Այդ ժամանակ ես ընդամենը երկու շաբաթ էր, ինչ զբաղեցնում էի պաշտոնը եւ նոր էի սկսել ուսումնասիրել այդ բնագավառը: Այսօր ես կարող եմ ասել, թե ինչքան միջոցներ են մեր կողմից խնայվել անցյալ տարվա ընթացքում տարբեր միջոցառումների շնորհիվ՝ սկսած ավելի էժան գնով դեղամիջոցների ձեռք բերումից մինչեւ շինարարական աշխատանքներ: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա մեր հիմնական ուղղություններից է կոռուպցիոն ռիսկի կրճատումը: Բայց որոշակի տեղաշարժեր մենք արդեն ունենք, ինչի համար ես հպարտ եմ»,- եզրափակել է նախարարը:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ավելի վաղ հայտարարել էր, թե բուժհիմնարկներին պետական ֆինանսավորում տրամադրվում է «ատկատով», եւ այդ «ատկատի» չափը կազմում է 5-10 տոկոս։ NEWS.am-ի հետ զրույցում նա եւս հայտնել էր, որ Առողջապահության նախարարությունը դիմել է դատախազություն իր հայկտարարության հիմքերը ստուգելու համար։ «Դա այնքան նեղ շրջանակներում է իրականացվում եւ կողմերն էլ այնքան շահագրգիռ են, որ դա չբացահայտվի, այնպես որ, չեմ կարծում, թե դատախազությունը հակված է որեւէ բան բացահայտելու», - ասել էր նա։
[gallery id=11]
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի






