Հանրային առողջությանը վերաբերվող բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն հասարակության աջակցությամբ, իսկ Հայաստանում ալյուրի հարստացման ծրագրի շուրջ ստեղծված վիճակը «պատային է» : Այդ պատճառով ճիշտ կլիներ, որպեսզի Առողջապահության նախարարությունը ընդմիջում վերցնի եւ լայնածավալ հետազոտություն իրականացնի՝ իր դիրքորոշումը ավելի հիմնավոր ներկայացնելու համար: Այս կարծիքն է հայտնել NEWS.am Medicine-ի հետ զրույցում Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը: Մասնագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ոիչ դեր չունի առհասարակ իշխանությունների նկատմամբ հասարակության վստահության դեֆիցիտը, ինչի պատճառով զուտ առողջապահական բնույթ կրող ծրագիրը քաղաքական երանգներ է ստացել, սակայն այս փաստի հետ հաշվի չնստել հնարավոր չէ:
«Սա է դառը իրականությունը: Երբ վստահություն չկա, նույնիսկ օգտակար եւ ակներեւ երեւույթներն անցկացնել շատ դժվար է, եւ դա պետք է հաշվի առնել: Հանրային առողջությանը վերաբերվող ծրագիրը պետք է հաշվի առնի քաղաքական պատկերը, այս ծրագիրը չի կարելի սուրը մերկացրած առաջ տանել, դա ոչ մի բանի չի հանգեցնի», - նշեց նա:
Նրա խոսքով՝ այս պարագայում, երբ հասարակությունը բաժանվել է երկու մասի եւ բժշկական հանրությունը (այն էլ՝ ոչ ամբողջ հանրությունը, քանի որ կան բժիշկներ, ովքեր եւս դեմ են ծրագրին) պնդում է, որ դա շատ կարեւոր է, իսկ բնակչությունը երեւույթին հիմնականում խիստ բացասաբար է վերաբերվում, հարցի լուծում գտնելը շատ դժվար է: «Ցանկացած որոշում հարձակման առիթ կդառնա այս կամ այն կողմից», - նշեց մասնագետը:
Ընդ որում՝ ինքը Միհրան Նազարեթյանը (որոշ վերապահումներով հանդերձ) չի կասկածում նրանում, որ այս ծրագիրը օգուտ կբերի: Սակայն չի կարելի նաեւ հաշվի չնստել այն փաստի հետ, որ ծրագրի ներդրումը Հայաստանի ողջ բնակչության համար բողոքի ալիք է բարձրացնում։
Ի՞նչ է առաջարկում բժիշկ Նազարեթյանը
«Այս հարցը վերջնական պարզելու նպատակով, իմ անձնական կարծիքով, պետք է ընդմիջում վերցնել եւ բնակչության տարբեր խմբերի, երեխաների վերարտադրողական տարիքի կանանց եւ մնացած խմբերի մեծածավալ հետազոտություն իրականացնել», - նշեց նա՝ հավելելով, որ բարձրացրել է այս հարցը նաեւ Առողջապահության նախարարությունում:
Պրոֆեսոր Նազարեթյանը նշեց, որ դեռեւս 1984 թվականին նա ինքն է այդպիսի հետազոտություն իրականացրել, եւ այդ ժամանակ պատկերն այսպիսին էր՝ կանանց 12 տոկոս անեմիա ուներ, իսկ մոտավորապես 24 տոկոսը՝ երկաթի թաքնված դեֆիցիտ:
Խոսելով առողջապահության նախարարության ներկայացրած հետազոտությունների մասին՝ Մ. Նազարեթյանը նշեց, որ 2000 թվականի հետազոտությունն իրականացվել է միջազգային փորձագետների կողմից, եւ այս հետազոտության ընթացքում հեմոգլոբինի չափման հիման վրա պարզվել է, որ անեմիայով է տառապում Հայաստանի բնակչության 20 տոկոսը:
2005 թվականի հետազոտության տվյալներով՝ այս ցուցանիշը աճել է մինչեւ 40 տոկոս, եւ այս արդյունքները մասնագետին կասկածելի են թվում: «Հականալի չէ՝ այդ ի՞նչ տեղի ունեցավ 5 տարվա ընթացքում՝ պատերազմ, աղետ, սով: Ոչինչ էլ թվարկածից տեղի չի ունեցել, հավանաբար, այս ցուցանիշների պատճառը սխալ մեթոդաբանությունն է», - նշեց Նազարեթյանը՝ հավելելով, որ եթե հետազոտության համար անգամ մասնակի վերցրել են պոլիկլինիկա դիմած մարդկանց տվյալները, ապա, իհարկե, այդ մարդիկ չեն կարող դիտարկվել որպես ռեպրեզենտատիվ խումբ: Երկու հետազոտություններում տարբեր արդյունքներ կարող էին գրանցվել նաեւ հեմոգոլոբինի նորմայի ցուցանիշների տարբեր լինելու պատճառով (ռեֆերենտ թե մինիմալ թույլատրելի):
Եթե ի վերջո նոր հետազոտություն անցկացնելու որոշում կայացվի, եւ դա, հավանաբար, ամենաճիշտ որոշումը կլինի, ապա Միհրան Նազարեթյանը պատրաստ է աջակցել մեթոդաբանական հարցերում, արպեսզի ոչ ոք այլեւս կասկածի տակ չդնի այդ հետազոտության արդյունքները։






