Մերձարեւեյան շնչառական վիրուսի համախտանիշից (MERS) մահացածների թիվը հասել է 19-ի: Այս մասին է հայտնում Հարավային Կորեայի առողջապահության ու բարեկեցության նախարարությունը:
Նախարարության աշխատակիցները հաստատել են նաեւ վարակման եւս չորս դեպք: Այսպիսով, այս պահին հաստատվել է վարակման 154 դեպք: Պացիենտների կեսի տարիքը չի գերազանցում 50 տարեկանը, նրանց թվում մեկ դեռահաս կա:
Կարանտինում է գտնվում 5.2 հազար մարդ: Նրանց թվում են օտարերկրյա 20-30 քաղաքացի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարակվել էր շտապ օգնության մեքենայի վարորդը եւ Սեուլի Samsung բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը: Ընդ որում՝ երկուսն էլ շարունակում են աշխատել՝ չնայած հիվանդության ախտանիշներին:
Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ վիրուսի բռնկումը պետք է վերջանա արդեն իսկ ամսվա վերջում:
Հիշեցնենք, որ MERS-ը զարգացման վաղ փուլում ախտանիշներով չի դրսեւորվում: Ռիսկի խմբում են գտնվում թուլացած իմունիտետով մարդիկ, թոքերի քրոնիկ հիվանդությամբ, դիաբետով, երիկամային անբավարարությամբ: Վիրուսի դեմ պատվաստանյութ չկա, բուժումը սիպմտոմատիկ բնույթ է կրում:
ԱՀԿ հունիսի 12 տվյալներով՝ ամբողջ աշխարհում գրանցվել է վիրուսով վարակման 1289 դեպք, մահացել է 455 մարդ:






