Երեկ հրապարակած տեղեկատվությունից հետո մինչեւ կեսգիշեր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք է հոսպիտալացվել եւս 2 երեխա` կրկին սուր աղիքային վարակի կասկածով։ Հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գիշերը գտնվել են մասնագետների մշտական հսկողության ներքո,նրանց վիճակը գնահատվել է կայուն։ Կազմակերպված բուժման արդյունքում Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների մոտ առկա է առողջացման դրական տեղաշարժ։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք`ահազանգը ստանալուն պես նախարարության մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ եւ ծավալուն աշխատանքներ։ Վարակի աղբյուրը պարզելու նպատակով իրականացվում են նմուշառումներ եւ լաբորատոր հետազոտություններ, ինչպես նաեւ կանխարգելիչ միջոցառումներ։ Համաճարակաբանական ուսումնասիրությունների արդյունքում մասնագետներն արձանագրված դեպքերի միջեւ փոխկապակցվածություն չեն տեսնում։