Նորապատցի 5-ամյա տղայի մոտ, մասնագետների կարծիքով, հավանաբար վիրուսային ինֆեկցիա է։ Նրանից մի շարք անալիզներ են վերցվել, սակայն դրանց պատասխանը ստանալու եւ ախտորոշումը հաստատելու համար ժամանակ է հարկավոր։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:

Բժիշկը նաեւ հերքեց տղայի մահվան մասին տեղեկությունները եւ ասաց, որ երեխան այժմ կոմայի մեջ է, եւ թեեւ նրա՝ կոմայից դուրս գալու հավանականությունը փոքր է, հույս կա, որ ամեն ինչ լավ կլինի։ Երեխայի վիճակը հիվանդանոց ժամանած պահից շատ ծանր էր եւ այժմ շարունակում է ծանր մնալ։ Մասնագետների փոխանցմամբ՝ նա ունի ցնցումային համախտանիշ եւ ուղեղի այտուց։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ծայրահեղ ծանր վիճակով 5-ամյա տղան հունիսի 16-ի երեկոյան տեղափոխվել էր «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոն: Մասնագետների խոսքով՝ այս դեպքը ոչ մի կապ չունի Ջրաշենի 3-ամյա աղջկա մահվան դեպքի հետ եւ որեւէ բռնկման պատճառ հանդիսանալ չի կարող։