Կորեայի Հանրապետությունում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակը իրենից գլոբալ սպառնալիք չի ներկայացնում, այլ ընդամենը հիշեցում՝ առ այն, որ ինֆեկցիոն հիվանդություններին դիմակայելու համար միջոցներ պետք է ձեռնարկել, կարծում են ԱՀԿ մասնագետները:
«Այս բռնկումը զգոն լինելու ազդանշան է, որը ցույց է տալիս, որ չափազանց շարժունակ աշխարհում բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն այս սցենարին», նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Քեյջի Ֆուկուդան Ժնեւում կայացած ասուլիսի ընթացքում նշեց, որ կորնավիրուսով վարակման՝ Եվրոպայում արձանագրված աջանձին դեպքերը չեն վկայում այն մասին, որ MERS-ը տարածվում է եվրոպական մայրցամաքում:
«Մենք գիտենք այս վիրուսի մասին 2012 թվականից, երբ հիվանդության առանձին դեպքեր ի հայտ եկան: Մարդիկ ճամփորդում են, սակայն վարակման առանձին դեպքերի առկայությունը բավարար հիմք չի տրամադրում՝ հայտարարելու, որ վիրուսը տարածվել է նաեւ Եվրոպայում», - նշեց նա:
Վերջին տվյալներով՝ Հարավային Կորեայում MERS վիրուսի զոհերի քանակը 20 մարդ է կազմել: Վարակվել է մոտավորապես 162 մարդ՝ չնայած նրան, որ վիրուսի տարածման կանխարգելման համար միջոցներ են ձեռնարկվում: Կարանտինում է գտնվում ավելի քան 6 հազար մարդ, որոնք այս կամ այլ կերպ շփում են ունեցել վարակվածների հետ:






