Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ ուղեցույցում բերված չափանիշներով երկաթդեֆիցիտային սակավարյունությունը հանրային առողջապահության հիմնախնդիր է դիտարկվում, երբ բնակչության շրջանում դրա տարածվածության ցուցանիշը գերազանցում է 5%-ը: Հայաստանում, ինչպես եւ զարգացող երկրների մեծ մասում, սակավարյունության տարածվածությունը զգալիորեն գերազանցում է 10%-ը։ Այս պարագայում, համաձայն ԱՀԿ-ի, լայն սպառման սննդամթերքի, մասնավորապես ցորենի ալյուրի պարտադիր զանգվածային հարստացումը համարվում է ամենաարդյունավետ ռազմավարությունը: Իսկ երբ սակավարյունությունը գերազանցում է 40%-ը, ապա ըստ ԱՀԿ-ի, միայն հարստացումով խնդիրը հնարավոր չէ լուծել։ Նման դեպքերում անհրաժեշտ կլինի կիրառել եւս 4 ռազմավարություն, այդ թվում` հավելումների անհատական տրամադրում, կրթական եւ իրազեկման ծրագրեր, ընդհանուր հիգիենիկ եւ համաճարակային պատշաճ պայմանների ապահովում, պայքար այլ հիվանդությունների դեմ:
Հայաստանի Հանրապետությունում արդեն 3 անգամ` 2000, 2005 եւ 2010 թվականներին, միջազգայնորեն ճանաչված, ողջ աշխարհում կիրառվող մեթոդաբանությամբ, իրականացվել են Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություններ, որոնք հիմք են հանդիսացել գիտականորեն գնահատելու սակավարյունության տարածվածությունը եւ մշակելու դրա հաղթահարման ծրագիր: 1984 թվականից ի վեր վիճակագրական այս գործիքը կիրառվել է աշխարհի 90 երկրում` ավելի քան 330 անգամ: Մեր համակարգի հաստատությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալները վկայում են, որ վերջին 15 տարիների ընթացքում մեր երկրում առավել լայն տարածում գտած սննդակարգերը էական փոփոխության չեն ենթարկվել` աղքատ են կենսականորեն անհրաժեշտ վիտամիններից եւ հանքանյութերից: Այս երկու նախապայմանը միասին վիտամինահանքանյութային անբավարարության հաղթահարման ծրագիր իրականացնելու ավելի քան բավարար հիմք են: Ժողովրդագրության եւ առողջության հարցերի 4-րդ հետազոտությունը կիրականացվի 2015 թվականի աշնանը, որը հնարավորություն կտա ունենալու ելակետային տվյալներ` օրենքի ընդունումից եւ ծրագրի ներդրումից տարիներ անց ցորենի ալյուրը երկաթով եւ ֆոլաթթվով հարստացնելու երկարաժամկետ արդյունքները գնահատելու համար:
Ինչպես նշում է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը, Ֆոլաթթուն` վիտամին Բ 9-ը, քաղցքեղածին չէ։ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը եւ ԱՀԿ-ն երկու տարին մեկ ներկայացնում են քաղցկեղածին Ա խմբի գործոնները` ֆիզիկական, քիմիական, բիոլոգիական` որոնց թվում, վիրուսները եւ այլն։ Ֆոլաթթուն, որպես քաղցկեղածին, նշված չէ որեւէ պաշտոնական ցանկում։ Նշենք, որ քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունն աշխարհի գրեթե բոլոր երկրներից հավաքագրում է քաղցկեղածին ազդակների տվյալները, ի մի է բերում, վերլուծում եւ ներկայացնում ԱՀԿ-ին։ Վերջերս կատարված հերթական հրապարակման մեջ եւս ֆոլաթթուն ընդգրկված չէ քաղցկեղածին նյութերի ցանկում։
Այն, որ ֆոլաթթուն քաղցկեղածին չէ, փաստում է նաեւ ԱՄՆ հակաքաղցկեղային կենտրոնի եւ Գերմանիայի առողջապահության ազգային կենտրոնի կողմից կատարված ռանդոմիզացված (կրկնակի կույր` երբ ուսումնասիրող եւ ուսումնասիրվող կողմը տեղյակ չեն ուսումնասիրության մասին) հետազոտությունը` իրականացված պատահական ընրությամբ ավելի քան 50 երկրի 50 հազար մարդկանց շրջանում։ Մետաանալիզի արդյունքներով պարզվել է, որ քաղցկեղ առաջացել է ֆոլաթթու ընդունած հիվանդների 7.7 տոկոսի, իսկ ֆոլաթթու չընդունած պլացեբո խմբում` 7.3 տոկոսի մոտ։
Միաժամանակ փաստենք, որ քաղցկեղով հիվանդացության աճը ֆոլլաթթվի հետ կապելու որեւէ հիմք չկա։ Քաղցկեղի աճ արձանագրվում է թե՛ ալյուր հարստացնող, թե՛ չհարստացնող երկրներում։ Հայաստանում, օրինակ, քաղցկեղով առաջնակի հիվանդացության ցուցանիշը (100 000 բնակչության հաշվով) 10 տարի առաջ կազմում էր 192.1, այժմ` 277.6, այդ թվում` կոլոռեկտալ քաղցկեղի ցուցանիշը համապատասխանաբար` 11.7 եւ 18.8։
Այն հետազոտությունները, որոնք կապ են ենթադրում ֆոլաթթվի եւ քաղցկեղի միջեւ, դիտարկում են լաբորատոր փորձերում կիրառված կամ մարդկանց կողմից ընդունած ֆոլաթթվի այնպիսի քանակներ, որոնք զգալիորեն (4-ից 10 անգամ) գերազանցում են միջազգայնորեն առաջարկվող թույլատրելի չափաքանակները։
Նշենք նաեւ, որ Սննդամթերքի անվտանգության Եվրոպական գործակալությունը եզրակացրել է, որ ներկայումս չկան բավարար տվյալներ, որոնք կհաստատեին բարձր չափաքանակներով ֆոլաթթվի եւ քաղցկեղի կապը, թեեւ ռիսկը չի բացառել: Ներկայումս անվտանգության միջազգային ստանդարտներ` Թույլատրելի վերին մակարդակներ, սահմանված են գործնականում բոլոր վիտամինների եւ միկրոտարրերի համար (ԱՀԿ, ԱՄՆ Սննդի եւ սնուցման կոմիտե, ԵՄ Սննդի գիտահետազոտական կոմիտե):
Այդ մակարդակները զգալիորեն գերազանցող քանակների վերաբերյալ առանձին հետազոտությունների ոչ միանշանակ արդյունքները կարող են շփոթեցնել ոչ մասնագետներին: Որեւէ գիտական հետազոտություն չի ապացուցում երկաթի կամ ֆոլաթթվի` մարդու ֆիզիոլոգիական պահանջներին համապատասխանող օպտիմալ քանակների վնասակարությունը: Ինչ վերաբերում է Չիլիում կատարված հետազոտությանը, ապա տպագրված նյութի հեղինակները ենթադրել են, որ ֆոլաթթվով ալյուրի հարստացման ծրագիրը կարող է կապ ունենալ Չիլիում հաստ աղու քաղցկեղի ցուցանիշների հետ: Միաժամանակ, որպես այդ հետազոտության սահմանափակում, նշում են, որ Չիլիում գոյություն չունի քաղցկեղի ռեգիստր եւ հետազոտության համար վիճակագրությունը հավաքագրվել է հոսպիտալներից:
16-րդ դարի մեծ գիտնական, փիլիսոփա եւ բժիշկ Պարացելսը, ում երբեմն անվանում են թունաբանության հայր, գրել է` «Դոզան է նյութը թույն դարձնում»: Այլ կերպ ասած, նյութը, որ սովորաբար անվնաս է, կարող է լինել մահացու, եթե մարդն ընդունի այն ավելի շատ, քան պետք է: Մեծ դոզաներով վնասակար ազդեցություն կարող են ունենալ բնության մեջ տարածված եւ մարդու օրգանիզմում առկա բոլոր տարրերը: Անգամ թթվածինը կարող է թունավորում առաջացնել, եթե նրա պարցիալ ճնշումը գազերի խառնուրդում զգալիորեն բարձրանա: Վիտամին C-ն կարող է վնասել մարդուն, եթե նրա օրվա դոզան գերազանցի 2 գրամը:
Երկաթդեֆիցտային անեմիայի բուժման համար կիրառվում են երկաթի հաբեր` 3-6 մգ/կգ/օր դոզայով: Այսինքն, 70 կգ քաշ ունեցող մարդու օրական բուժիչ դոզան կազմում է 210-420 մգ: Երկաթի թունավոր ազդեցությունը սկսում է զարգանալ, երբ դրա դոզան գերազանցում է 10–20 մգ/կգ-ն, որը 70 կգ քաշ ունեցող մարդու համար կկազմի 700-1400 մգ: Եթե օրգանիզմ մուտք գործող երկաթի քանակը կազմի 50 մգ/կգ (3500մգ), կարող է առաջանալ ծանր թունավորում:
Երկաթի օրական պահանջը տատանվում է 10-ից մինչեւ 50 մգ/օր սահմաններում: Եթե մարդն ի վիճակի լիներ ուտել օրական մի քանի տասնյակ կգ հացամթերք եւ եթե դրանից ներծծվեր ողջ երկաթը, ապա դեռեւս երկաթով գերծանրաբեռնման կամ թունավորման վտանգ չեր առաջանա: Հետեւաբար, հարստացման համար օգտագործվող երկաթի չափաքանակները տասնյակ եւ հարյուրավոր անգամ ցածր են լյարդի ցիռոզի տեսկետից վտանգ ներկայացնող դոզաներից։
Հրայր Ասլանյան
ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ, բժշկական գիտությունների թեկնածու






