Հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ`  ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմուք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Երկու ժամ անց նմանատիպ ախտանիշներով եւս երկու երեխա է ընդունվել հիվանդանոց , եւս մեկ 5-ամյա տղա Նորապատ գյուղից տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոն:

Փոքրիկ աղջկա մահվան պատճառն առայժմ հայտնի չէ : Հայտնի չեն նաեւ այն երեխաների ախտորոշումները, քանի որ անալիզների պատասխանը ստանալու համար ժամանակ է պետք:

Արդյո՞ք կապ գոյություն ունի այս երեխաների միջեւ եւ կարող էին արդյոք նրանք միմյանցից վարակվել:

ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ այս դեպքերի միջեւ ոչ մի կապ գոյություն չունի: Մահացած աղջիկը եւ Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող եւս երկու երեխա տարբեր գյուղերից են եւ նախկինում երբեք չեն հանդիպել եւ նրանց կապող ընդհանուր որեւէ բան չկա, որը կարող էր վարակման պատճառ դառնալ: Ավելին երկու երեխա թեեւ միեւնույն ընտանիքից էին, սակայն տարբեր մանկապարտեղներ էին գնում:

Մասնագետների խոսքով՝ եթե նույնիսկ երեխաները միեւնույն հիվանդությունն ունեն, դրա աղբյուրները տարբեր են: Դրանց հայտնաբերման համար մասնագետները երկու գյուղերում էլ ջրի, մթերքների, եւ մնացած հնարավոր ամեն ինչի նմուշներ են վերցրել: Իսկ երեխաների ախտորոշումը պարզ կդառնա այն ժամանակ, երբ հայտնի դառնան անալիզների պատասխանները: Առայժմ Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը բավարար է գնահատվում:

Իսկ ահա Երեւանի «Սուրբ Աստվածամայր» գտնվող տղան առանձին դեպք է, որը ոչ մի կերպ կապված չէ մնացած դեպքերի հետ: Երեխան, բժիշկների խոսքով, առողջական խնդիրներ ուներ եւ մի քանի անգամ հայտնվել էր հիվանդանոցում: Այժմ նրա վիճակը ծանր է, երեխային միացրել են արհեստական շնչառության սարքավորումներին, նա դուրս չի գալիս կոմայից: