ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնը եւ հանձնարարեց բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանել մանկական ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով:
Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը նշեց, որ հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն, առկա է դրական տեղաշարժ:
Այնուհետեւ նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզի առողջապահական պատասխանատուների եւ բուժանձնակազմի մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների բուժման ընթացքին վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր:
Նախարարը հանձնարարեց նախադպրոցական ուսումնական հաստատություններում եւ մանկապարտեզներում եւս մեկ անգամ վերանայել նորմատիվային բազան` համապատասխանեցնելով երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող բոլոր պահանջներին:






