NEWS.am Medicine-ի տվյալներով՝ Երեւանում այս պահին բազմաթիվ երեխաների մոտ աղիքային ինֆեկցիաների ախտանիշներ են նկատվում՝ փորլուծություն, սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն: ՀՀ ԱՆ ներկայացուցիչները, սակայն, հերքում են, որ երեխաների շրջանում աղիքային ինֆեկցիայի բռկնում է տեղի ունեցել եւ պնդում, որ հիվանդացած երեխաների քանակը նորմայի սահմաններում է:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը նշեց, որ կլինիկաներում իսկապես աղիքային ինֆեկցիաներով երեխաներ կան, եւ դա նորմալ է: Նրա խոսքով՝ այսպիսի ինֆեկցիաներով երեխաներ ամեն տարի են հայտնվում կլինիկաներում, տարվա ցանկացած եղանակին: Ամռան ընթացքում, սակայն, այդ ինֆեկցիաների քանակը մի փոքր աճում է: Ամեն դեպքում, այս պահին այդպիսի ախտանիշներով երեխաները կլինիկաներում ավելի շատ չեն, քան սովորաբար լինում է ամռանը:
Նույնը մեզ հայտնեցին նաեւ կլինիկաներում. Աղիքային ինֆեկցիայի կասկածանքով երեխաներ կան, սակայն նրանք միշտ էլ եղել են, եւ այժմ նրանց քանակը չի աճել:
NEWS.am Medicine-ի տվյալներով՝ ծնողներից շատերը նույնիսկ փսխման ու փորլուծության դեպքում բժիշկ են կանչում, այլ ոչ թե երեխային հիվանդանոց տեղափոխում, քանի որ վախենում են, որ նա կարող է այնտեղ կարմրուկով վարակվել, որը, ասեկոսների համաձայն, բավականին տարածված է բուժհաստատություններում:






