ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ երեկ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին վերջին շրջանում հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություններում սուր աղիքային վարակների դեպքերը, դրանց հնարավոր պատճառները։
Այնուհետեւ ներկայացվեցին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մարզերում եւ Երեւանում գործող նախադպրոցական ուսումնական բոլոր հաստատություններում իրականացված գույքագրման արդյունքները։ Նաեւ հաշվարկվել է, թե ֆինանսական որքան միջոցներ են անհրաժեշտ այդ հաստատությունների խոհանոցների եւ սանհանգույցների վիճակը բարելավելու, անհրաժեշտ գույքով հագեցնելու համար։
Նշվեց, որ ՀՀ առողջապահության նախարարի 2002 դեկտեմբերի 20-ի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N 2.III.1 սանիտարական կանոնները եւ նորմերը հաստատելու մասին» թիվ 857 hրամանով եւ 2013 թվականի օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N2.3.1-0102013 սանիտարական կանոնները եւ նորմերը հաստատելու մասին» 42-Ն հրամանով սահմանվել են սննդի կազմակերպման, որակի, պահպանման, պատրաստման, առանձին տարիքային խմբերի երեխաների համար անհրաժեշտ սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ) եւ էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը։
Նախադպրոցական հիմնարկների խոհանոցների բարելավումը կնպաստի պահանջվող նորմատիվների ապահովմանը։ Կարեւորվեց ինչպես նախադպրոցական ուսումնական հաստատություններում, այնպես էլ ընտանիքներում այդ նորմերի ապահովումը։
Թեեւ հսկողությունն առողջապահության նախարարության իրավասության շրջանակում չէ, սակայն նախադպրոցական ուսումնական հաստատություններում առաջացող խնդիրների հետեւանքներին այս համակարգն է առնչվում։






