ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ երեկ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի մարզիկների եւ մասնակիցների բժշկական օգնությունը բարձր մակարդակով կազմակերպելուն վերաբերող հարցեր։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բոլոր մարզադաշտերում, մարզասրահներում շտապ բժշկական օգնության ծառայություններ կապահովվեն։ Հաշվի առնելով սպորտային վնասվածքների առաջացման հավանականությունը` կհերթապահեն նաեւ օրթոպեդ-վնասվածքաբաններ։
«Համապետական նշանակության միջոցառումների ժամանակ, հատկապես մեծաթիվ հյուրերի առկայության պայմաններում, մեր համակարգն արդեն բարձր պատրաստվածություն ապահովելու փորձ ունի»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Նա հավելեց, որ այդ օրերին կուժեղացվի հիվանդանոցների ընդունարանների, վիրահատական ու վերակենդանացման բաժանմունքների պատրաստվածությունը։ Ուժեղացված ռեժիմով կաշխատեն նաեւ պոլիկլինիկաները, որոնք անհրաժեշտության դեպքում ծառայություններ կմատուցեն նաեւ հյուրանոցների բնակիչներին։
Բժշկական ծառայություններն արագ կազմակերպելու համար Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Կոտայքի մարզերին կցվել են մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկան, ԱՆ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնը։






