Հայաստանում, պաշտոնական տվյալներով, ավելի քան 30 ՄԻԱՎ վարակակիր երեխա եւ դեռահաս կա, եւ միայն քչերը գիտեն իրենց կարգավիճակի մասին:

Ծնողների մեծամասնությունը նախընտրում է չպատմել երեխաներին նրանց հիվանդության մասին, եւ դրա պատճառները շատ են: Շատերը մտածում են, որ առայժմ երեխաներն այն տարիքում չեն, որ կարողանան հասկանալ, մյուսները վախենում հոգեբանական տրավմա հասցնել երեխաներին, որոշ մարդիկ էլ վախենում են, որ երեխան կարող է իր կարգավիճակի մասին պատմել ուրիշներին, ինչի արդյունքում խնդիրներ ի հայտ կգան՝ մանավանդ այնպիսի հասարակությունում, ինչպիսին մերն է: Կան նաեւ ծնողներ, որոնք պարզապես վախենում են, որ երեխաները կսկսեն մեղադրել նրանց իրենց այդ հիվանդության համար:

Պետք է արդյո՞ք պատմել երեխաներին նրանց կարգավիճակի մասին: Եթե այո, ապա ինչպե՞ս դա պետք է արվի: Այս հարցերի պատասխանները կօգնի գտնել NEWS.am Medicine-ի թղթակիցը:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը ներկայացնող Հովհաննես Մադոյանը գտնում է, որ անպայման պետք է պատմել երեխաներին նրանց կարգավիճակի մասին: Իհարկե, երեխայի համար դա շոկ կլինի, սակայն վաղ թե ուշ նա ստիպված կլինի բախվել դրա հետ:

Հենց այդ պատճառով, մասնագետների կարծիքով, ցանկալի է, որ երեխան իմանա իր կարգավիճակի մասին ոչ թե պատահական, այլ ծնողներից կամ մասնագետներից, որոնք կկարողանան տեղեկությունները մատուցել գրագետ՝ երեխային նախապատրաստելուց հետո:

Հովհաննես Մադոյանի խոսքով՝ ավելի ճիշտ կլինի պատմել երեխային նրա կարգավիճակի մասին 12-13 տարեկանում: Սակայն սկզբում պետք է երեխային հնարավորինս շատ տեղեկություններ տրամադրել ՄԻԱՎ-ի, դրա բուժման եւ հիվանդության էության մասին, պետք է պատմել, որ սա շատ հիվանդությունների նման հասարակ հիվանդություն է, որպեսզի երեխան իմանա, որ ՄԻԱՎ-ը «ժանտախտ» չէ եւ բուժում ստանալու դեպքում նա ի վիճակի կլինի ապրել երկարատեւ և նորմալ կյանքով:

Սա երկար գործընթաց է, որը կարող է տեւել ոչ թե մեկ կամ երկու ամիս, այլ շատ ավելի երկար: Սակայն, միայն այն ժամանակ, երբ երեխան յուրացնի այս ինֆորմացիան, հնարավոր կլինի նրան տեղեկացնել իր մոտ հիվանդության առկայության մասին:

«Կարեւորն այն է, որ նախապատրաստումը պետք է սկսվի վաղ տարիքից եւ երեխայի դաստիարակության մի մասը դառնա: Երեխային պետք է դաստիարակել բարի, կարեկցող եւ ուրիշ մարդկանց այպիսին, ինչպիսին նրանք կան ընդունելու պատրաստ», - նշեց Հովհաննես Մադոյանը:

Իսկ ինչու՞ պետք չէ երեխային պատմել ՄԻԱՎ-ի մասին ավելի ուշ, երբ նա մեծանա:

Այստեղ պատճառները շատ են: Առաջին հերթին, երեխան թեւակոխում է դեռահասային տարիք, նա կարող է սեռական կապ ունենալ եւ վարակել ուրիշներին, ինչը շատ հավանական է՝ հաշվի առնելով, որ այդ տարիքում շատ քչերը գիտեն անվտանգ սեքսի մասին: Բացի այդ՝ 16-17 տարեկան հասակում պատանին կարող է ընկալել այս ինֆորմացիան շատ ավելի սուր, քան կաներ դա մանկության տարիներին:

Դրանից զատ՝ այդ տարիքում երեխան ինքն էլ կարող է գլխի ընկնել այն մասին, որ ՄԻԱՎ ունի, հատկապես եթե հակառետրովիրուսային բուժում է ընդունում: Իր ընդունած հաբերի փաթեթավորման վրա համապատասխան տեղեկություններ կան եւ ցանկացած հետաքրքրասեր երիտասարդ կարող է դիմել Google-ի օգնությանը: Բացի այդ՝ դեռահասը, ամենայն հավանականությամբ, այցելում է ՄԻԱՎ կենտրոն եւ հանձնում է անալիզներ: Այսպես եւս նա կարող է գլխի ընկնել, որ տառապում է ՄԻԱՎ-ով: Իսկ թե ինչպես նա կընդունի այդ լուրը առանց համապատասխան նախապատրաստման, շատ մեծ հարց է:

Ուկրաինացի Յանա Պանֆիլովան իմացավ, որ  տառապում է ՄԻԱՎ-ով, երբ տաս տարեկան էր: Նրան մայրն էր պատմել: Իր առաջին հարցը, նա հիշում է առ այսօր՝ «Ես ի՞նչ է, կմահանամ»: Մայրը, սակայն, պատմեց Յանային, որ ՄԻԱՎ-ով կարելի է ապրել շատ երկար՝ համապատասխան դեղեր ու բուժում ընդունելով:

Այսօր Յանան 17 տարեկան է, նա օգնում է ՄԻԱՎ-ով վարակված այլ դեռահասներին եւ կարծում, որ եւ երեխաները, եւ դեռահասները իրենց կարգավիճակի մասին տեղյակ լինելու իրավունք ունեն: Նրա խոսքով՝ երեխաների ամենալավ տարիքը իրենց՝ ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին իմանալու համար 9-ից 11 տարեկանն է: Այդ տարիքում երեխան դեռ չի թեւակոխել դեռահասի տարիք, եւ բավանականաչափ «ադեկվատ» է, այդ պատճառով նրան ավելի հեշտ է ամեն բան բացատրել: Յանան համոզված է, որ, եթե ծնողները ճիշտ մատուցեն ՄԻԱՎ-ի մասին տեղեկությունները եւ նույնիսկ ծանոթացնեն երեխային ՄԻԱՎ վարակակիր հանդիսացող այլ երեխաների եւ դեռահասների հետ, ամեն ինչ լավ կլինի, եւ երեխայի ռեակցիան, ամենայն հավանականությամբ, ադեկվատ կլինի: