Դաշտանադադարի ժամանակ փոխարինող հորմոնալ թերապիա ստացող կանայք կարող են ենթարկվել պանկրեատիտի (ենթաստամոքսային գեղձի բորբոքում) ավելի բարձր ռիսկի, Շվեդիայում իրականացված նոր մեծ 13-ամյա հետազոտության համաձայն:
Կանադական բժշկական ասոցիացիայի ամսագրում հրապարակած տվյալների համաձայն, Ստոկհոլմում Կարոլինյան իստիտուտի հետազոտողները բացահայտել են, որ փոխարինող հորմոնալ թերապիա օգտագործող կամ նախկինում օգտագործած կանայք 1,5 անգամ ավելի շատ են տառապել սուր պանկրեատիտով, քան այդ թերապիան երբեք չօգտագործած կանայք:
«Հիմնվելով այդ թեկուզ եւ հիպոտեթիկ արդյունքների վրա, մենք կարող ենք ենթադրություն անել, որ արտաքին էստրոգենը մշտական փոփոխություն է առաջացնում ենթաստամոքսային գեղձում, որի համար ազդեցության երկարատեւությունը կարող է կարեւոր լինել», - ասում է հետազոտության հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր Վիկտոր Օսկարսոնը:
Պանկրեատիտին՝ ենթաստամոքսային գեղձի հանկարծակի բորբոքմանը, բնորոշ են ախտանիշներ, որոնք տատանվում են թեթեւ անհարմարավետության զգացողությունից մինչեւ ծանր, տանջող ցավեր եւ կարող է նույնիսկ մահվան հանգեցնել:
Հետազոտողները 1997 եւ 2010 թթ ընթացքում ուսումնասիրել են հետդաշտանադադարի շրջանում գտնվող 31 494 շվեդ կանանց: Կանանց մոտավորապես 42%-ը ստացել են փոխարինող հորմոնալ թերապիա, 12% -ը եղել են հորմոնալ թերապիայի նախկին ստացողներ, իսկ մյուսները երբեք չեն կիրառել այդ թերապիան:
Հետազոտության ընթացքում հորմոնալ թերապիա ստացող կամ նախկինում հորմոնալ թերապիա ստացած կանայք ավելի հաճախ են տառապել սուր պանկրեատիտով, ավելին՝ արդյունքները նաեւ ցույց են տվել, որ ռիսկը ավելի բարձր է եղել համակարգային թերապիա ստացող եւ ավելի քանի 10 տարի հորմոնալ դեղեր օգտագործող կանանց շրջանում:






