Եթե ֆոլաթթվի հետ ամեն ինչ միանշանակ է, եւ դրա օգտակարությունը՝ մասնավորապես, երեխաների նյարդային խողովակի արատի կանխարգելման հարցում, հայտնի է, ապա երկաթի հետ ամեն ինչ այդքան էլ ակներեւ չէ: Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցին է հայտնել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը՝ մեկնաբանելով Առողջապահության նախարարության՝ ալյուրը ֆոլաթթվով ու երկաթով հարստացնելու ծրագիրը:
Նրա խոսքով՝ օրգանիզմում երկաթի պարունակության մակարդակի հետ կապված երկու խնդիր կարող է առաջանալ՝ պակաս ու ավելցուկ: Երկաթի պակասը կամ անեիմաին, ավելի բնորոշ է կանանց, եւ այն կարող է, ամեն ինչից զատ, հանգեցնել մտավոր հետամնացության: Սակայն այստեղ կա մեկ «բայց»: Բանն այն է, որ երկաթի պակասը՝ անեմիան, բուժել ավելի հեշտ է, քան երկաթի ավելցուկը՝ հեմոսիդերոզն ու հեմոքրոմատոզը:
Բժիշկը պարզաբանեց է, որ մարդու օրգանիզմում երկաթի պարունակության նորման պետք է 5 գրամ կազմի (70 կգ քաշից ելնելով): Երկաթի օրական պահանջը 12-15 մգ է (հղիների մոտ՝ 20 մգ): «Եթե այս կամ այն պատճառով մարդն ավելի շատ է օգտագործում, ոչ մի լավ բան դա չի խոստանում, քանի որ ավելորդ երկաթը չի յուրացվի օրգանիզմի կողմից, այն կվերցնի ընդամենը այնքան, ինչքան պետք է հեմոգլոբինի սինթեզի համար: Իսկ երկաթի ավելցուկը կարող է հանգեցնել հեմոսիդերոզի (բջիջներում երկաթի կուտակմանը) եւ հեմոքրոմատոզի՝ օրգաններում, մասնավորապես լյարդի եւ սրտի մեջ երկաթի կուտակմանը: Վերջին այս խնդիրը ավելի բնորոշ է տղամարդկանց, եւ նրանց շրջանում 10 անգամ ավելի հաճախ է հանդիպում: Հայաստանում այս խնդիրը եւս տարածված է», - նշեց բժիշկը՝ հավելելով, որ, այս հանգամանքից ելնելով, հարց է առաջանում՝ ի՞նչ անել տղամարդկանց մոտ ի հայտ եկող այս խնդրի հետ, եթե ալյուրի հարստացման ծրագիրը սկսի կիրառվել: Մյուս կողմից՝ բժիշկը նշեց, որ ինքը շատ հաճախակի է մեկնում ԱՄՆ կամ Կանադա, որտեղ հարստացված ալյուրից պատրաստված հաց է ուտում, եւ ոչ մի վատ բան իր հետ առայժմ չի պատահել:
Հակադարձելով այն պնդումներին, որ, եթե ալյուրի հարստացման ծրագրի թիրախային խումբը վերարտադրողական տարիքի կանայք են, ապա հղիության ընթացքում բժիշկները նշանակում են այդ դեղորայքը, Միհրան Նազարեթյանն ասաց, որ ալյուրի հարստացման ծրագիրը ոչ թե բուժիչ (իսկ դեղ նշանակելը բուժում է), այլ կանխարգելիչ բնույթ ունի: «Այս ծրագիրը առողջների, այլ ոչ թե հիվանդների համար է, դա է իմաստը», - նշեց բժիշկը:
Նրա խոսքով՝ կա այսպիսի հասկացություն՝ herd immunity կամ համընդհանուր, կոլեկտիվ իմունիտետ: «Երկաթի դեֆիցիտի հարցը կարելի է լուծել միայն այն ժամանակ, երբ ներկայացածված է ողջ բնակչությունը», - նշեց նա:
Ի պատասխան մեկ այլ պնդման այն մասին, որ երկաթի կամ ֆոլաթթվի պակասի հարցը կարելի է լուծել սննդակարգի կարգավորման միջոցով, Մ. Նազարեթյանը նշեց, որ տնտեսական տեսանկյունից ալյուրը հարստացնելն ավելի էժան է, թեպետ հացի միջոցով օրգանիզմի կողմից երկաթի յուրացման մակարդակը 4-5 անգամ զիջում է մսից մատակարարվող երկաթի յուրացմանը: Նրա խոսքով՝ ֆոլաթթվի դեֆիցիտը կարելի է եւ պետք է կարգավորել կանաչեղենի ու սալաթների օգտագործմամբ, սակայն, եթե խոսքը գնում է երկաթի մասին, դրա դեֆիցիտը հնարավոր է լրացնել միայն մսի օգտագործման միջոցով, իսկ այդ հնարավորությունից մեր բնակչության մեծ մասը աղքատության բարձր ցուցանիշների պատճառով զրկված է:
Իսկ ինչ վերաբերվում է այն պնդումներին, որ ֆոլաթթուն, չնայած նրան, որ քաղցկեղածին նյութ չէ, բայց կարող է խթանել օրգանիզմում առկա քաղցկեղային բջիջների աճը, Մ. Նազարեթյանը առաջարկեց դատողություններ անելիս ղեկավարվել այն դրույթով, որ ֆոլաթթուն քաղցկեղածին նյութ չէ: Նրա կարծիքով՝ ֆոլաթթվի պակասի ռիսկերը, ի տարբերություն երկաթի, շատ ավելի վտանգավոր են, քան դրա ավելցուկի ռիսկերը:
Նշենք, որ, որպես բժիշկ, Միհրան Նազարեթյանը ալյուրի հարստացման ծրագիրը հանրային առողջապահական կարեւոր ծրագիր է համարում, սակայն ստեղծված պատային իրավիճակում, երբ հասարակությունը միանշանակ մերժում է այս ծրագիրը, առաջարկում է հետաձգել ծրագրի իրականացումը ու վերջինիս իրականացման հիմքերի մանրակրկիտ ուսումանսիրություն իրականացնել:






