Բժիշկները ստիպված եղան հեռացնել երկու երեխաների մայր Թրեյսի Ռալֆի ոտքերն ու ձեռքի մատները` թոքաբորբի արդյունքում ի հայտ եկած արյան վարակման պատճառով:

35-ամյա անգլուհին պատրաստվում էր Սուրբ Ծննդյան տոներին, երբ հանկարծ զգաց, որ դժվարացել է իր շնչառությունը: Երբ նրա վիճակն էլ ավելի վատթարացավ, նա հիվանդանոց գնաց, որտեղ բժիշկները թոքաբորբ կասկածեցին: Արդեն 24 ժամ անց բժիշկները ստիպված էին Թրեյսիին արհեստական կոմայի մեջ պահել՝ նրա կյանքը փրկելու համար:

Պարզվեց, որ թոքաբորբի արդյունքում արյան վարակում է սկսվել՝ սեպսիս: Նրա օրգանիզմում նաեւ տրոմբեր ձեւավորվեցին, արյունահոսություն ուղեղում, սկսեց զարգանալ մուլտիօրգանային անբավարարությունը: Ավելի ուշ բժիշկներy հայտնեցին Թրեյսիի ամուսնուն, որ ստիպված են հեռացնել կնոջ ոտքերն ու ձեռքի մատները: Բժիշկներն արեցին ամեն հնարավորը՝ դրանից խուսափելու համար, սակայն փրկել վերջույթները չհաջողվեց, դրանք սկսեցին սեւանալ:

Կինը նույնիսկ փորձել էր փախչել հիվանդանոցից, քանի որ չէր հավատում, որ իր վիճակն այդքան լուրջ է: Այժմ, վեց ամիս անց, նա կրկին կարողանում է քայլել շնորհիվ բարեգործական մի հիմնադրամի, որը 100 հազար ֆունտ էր փոխանցել ոտքի ժամանակակից պրոտեզների գնման համար:

Թոքաբորբը իրենից ներկայացնում է թոքերի հոյւսվածքների այտուցւում: Դրա պատճառը հիմնականում բակտերիալ, վիրուսային կամ սնկային բնույթ ունի: Որոշ դեպքերում թոքաբորբը հեշտությամբ է բուժվում, սակայն ավելի բարդ դեպքերում, ինչպիսին Թրեյսիի դեպքն էր, բարդացումներ են զարգանում: Թթվածնի մակարդակը սրտի եւ ուղեղի մեջ նվազում է, ինչը հանգեցնում է կոգնիտիվ խախտումներին, իսկ երբեմն նաեւ օրգանային անբավարարությանը: Սեպսիսը թոքաբորբի բարդացումներից մեկն է: