Հնդկաստանում ասթմայի բուժումը հաբերի ու ինհալյատորի միջոցով ընդունված չէ: Փոխարենը պացիենտներին ստիպում են կուլ տալ խոտերից պատրաստված պաստայի մեջ թաթախված կենդանի ձկներին: 156 տարեկան այս ծեսը, տեղի հեքիմների պդնմամբ, օգնում է մարդկանց շնչել: Իսկ եթե այն կրկնվի երեք տարի շարունակ, կարելի է ամբողջապես բուժվել ասթմայից:

Ամեն տարի Հնդկաստանի բնակիչները հերթ են կանգնում՝ 5 սանտիմետրանոց կենդանի ձկներին կուլ տալու համար: Ծեսն անցկացվում է հունիսին Հնդկաստանի հարավի Խայդառաբադ քաղաքում: Բուժումն իրականացնում է Բատինի Գոուդների ընտանիքը, իսկ խոտերից պատրաստված պաստայի բաղադրատոմսը գաղտնի է պահվում: Ընտանիքը բաղադրատոմսը ստացել է հնդկական սրբից 1845 թվականին, իսկ այժմ այն փոխանցվում է սերնդեսերունդ:

The Daily Mail-ի տեսանյութում երեւում է, ինչպես են ձկներին թաթախում պաստայի մեջ՝ հերթ կանգնած մարդկանց կոկորդի մեջ դրանք մտցնելուց առաջ: Հիվանդը պետք է կուլ տա ձուկը, որը, հեքիմների խոսքով, մաքրում է կոկորդը: Շատ կարեւոր է, որ պացիենտը չփսխի: Փսխումից խուսափելու համար մերսում են հիվանդի պարանոցը: Իսկ ծեսից հետո նրան խորհուրդ են տալիս 45 օր շարունակ հետեւել խիստ դիետայի:

Բժիշկների եւ իրավապաշտպանների խոսքով՝ այս ծեսը ոչ մի գիտական հիմքեր չունի, չի համապատասխանում հիգիենայի պահանջներին, սակայն, միեւնուն է, շատ տարածված է Հնդկաստանում: