«Հասուն» կանայք ավելի հաճախ են խելացի ու առողջ երեխաներ ունենում, քան երիտասարդ մայրերը, պնդում է գիտնականների միջազգային խումբ: Պետք է, սակայն, նշել, որ «հասուն» են համարվում 26 տարեկանից բարձր կանայք:
Գիտնականների խոսքով՝ այս եզրահանգմանը գալուց առաջ նրանք հետազոտել են «հասուն» կանանցից ծնված մի քանի հազար երեխա: Հետազոտությունը տեւել է 20 տարի: Միայն վերջերս են գիտնականները ավարտել տվյալների ուսումնասիությունն ու վերլուծությունը:
«Մենք հետեւել ենք 5 երկիր ներկայացնող ավելի քան 20 հազար մարդկանց՝ Գվատեմալայից, Բրազիլիայից, Ֆիլիպիններից, Հնդկաստանից, Հարավային Ամերիկայից: Արդյունքները չէին կարող չզարմացնել; Երիտասարդ մայրերի (19 տարեկան) երեխաների 30-40 տոկոսը ծնվելուց քաշի պակաս ունեին, այնինչ «հասուն» մայրերի երեխաների մոտ այս ցուցանիշը երկու անգամ պակաս էր», - նշում են գիտնականները:
Ինչով են պայմանավորված «հասուն» մայրերից ծնված երեխաների այս յուրահատկությունը, դեռեւս պետք է պարզել: Նախագծի հեղինակները կարծում են, որ իր դերն է այստեղ խաղում կանանց կրթվածության աստիճանն ու սոցիալական կարգավիճակը: Հավանաբար, ուշ մայրանալը որոշակի առավելություններ ունի: Այնպես որ, պատահական չէ, որ «հասուն» մայրերից ծնվածները դպրոցում ավելի բարձր առաջադիմությամբ են աչքի ընկնում:
Նշենք, որ, համարվում է, որ նախընտրելի է երեխա ունենալ 35-40 տարեկան հասակում, քանի որ դրանից հետո տարբեր գենետիկական դեֆեկտների հավանականությունը երեխաների մոտ աճում է:






