Ամռանը մարսողական համակարգը ծանրաբեռնված է, այդ պատճառով շոգ եղանակին հատկապես կարեւոր է պահպանել սնվելու մշակույթն ու չծանրաբեռնել աղեստամոքսային համակարգը: Այս կարծիքն է հայտնել լրագրողների հետ հանդիպման ժամանակ Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Նրա խոսքով՝ հասկանալի չէ, ինչու են շատ մարդիկ բնության գրկում պիկնիկների ժամանակ ցանկանում խոզի միս ուտել եւ ալկոհոլ խմել: Դրա փոխարեն ավելի լավ է ավելի թեթեւ, ամառային սնունդ նախընտրել՝ օրինակ, հաց, պանիր կամ բանջարեղեն: Բացի այդ՝ մասնագետը խորհուրդ է տալիս զգուշությամբ վերաբերվել արեւի տակ վաճառվող մթերքներին:
Ինչպես նշեց Արա Ասոյանն ու հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի տնօրեն Նունե Բակունցը, աղիքային ինֆեկցիաներ լինում են տարվա ցանկացած եղանակին եւ դրանց հիմնական աղբյուրները սնունդն են, ջուրը, սպասքեղենը, այլ առարկաներ, ինչպես նաեւ կեղտոտ ձեռքերը:
Այդպիսի ինֆեկցիաներից խուսափելու համար ցանկալի է մի քանի հասարակ միջոց ձեռնարկել: Առաջին հերթին՝ լվանալ ձեռքերը եւ սննդամթերքները, չգնել մթերքները ոչ վստահելի խանութներից եւ այլն:






