Բաղրամյանի պողոտայից բերման ենթարկված եւ նարկոլոգիական կենտրոն բերված ցուցարարների մեջ ալկոհոլ օգտագործած մարդ չի հայտնաբերվել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը:

Նրա խոսքով՝ 106 ցուցարար իրավապահ մարմինների կողմից բերվել էր նարկոլոգիական կենտրոն՝ հետազոտության: Նրանցից 48-ը կասկածվում էին թմրամիջոց օգտագործելու մեջ, 44-ը՝ թմրամիջոցներ եւ ալկոհոլ, եւ 14-ը՝ միայն ալկոհոլ:

Թմրամիջոցների հետազոտությունների պատասխանները, գլխավոր թմրաբանի խոսքով, պատրաստ կլինիեն վաղը՝ հունիսի 27-ին: Ինչ վերաբերվում է ալկոհոլի օգտագործմանը, 58 հոգուց 4-ը հրաժարվել էին հետազոտությունից, իսկ մնացած 54-ը ամբողջովին սթափ էին:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: Հունիսի 23–ի գիշերը ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրել էր ցույցը, 237 հոգի բերման էր ենթարկվել։