Հայաստանի առողջապահության բնագավառում Ճապոնիայի ժողովրդի եւ Ճապոնիայի կառավարության (Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) միջոցով) անհատույց օգնությամբ իրականացվել է դրամաշնորհային երեք ծրագիր: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան, ընդունելով Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
«Անգնահատելի է Ձեր աջակցությունը Հայաստանի առողջապահական հիմնարկների տեխնիկական վերազիննման գործում»,- նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ փոխգործակցությունը սկսվել է դեռեւս 1997թ., երբ Հայաստանի կառավարությունը Ճապոնիայի կառավարությանը հայտ էր ուղղել «Արմենիա» բժշկական կենտրոնը, Ճապոնական ODA դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, սարքավորումներով հագեցնելու նպատակով:
Երկրորդ ծրագրում ընդգրկված էին հանրապետության երեք հիվանդանոցներ, իսկ 2005թ. տրվեց երրորդ համատեղ ծրագրի մեկնարկը, որի շնորհիվ աարքավորումներով հագեցան մարզային երկու (Հրազդանի եւ Գավառի) եւ երեւանյան մեկ (Պերինատոլոգիայի, մանկարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն) ծննդատները:
«Կարծում ենք, որ համատեղ ծրագրերը շարունակական կլինեն»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը: Նա նաեւ բարձր գնահատեց «Թոշիբա մեդիքալ սիսթեմ» ճապոնական ընկերության կողմից մեր երկրում կատարված աշխատանքը, գրանցված հաջողություններն առողջապահական ոլորտում:
Արմեն Մուրադյանը հայտնեց, որ ընկերության ղեկավարի հետ վերջերս կայացած հանդիպմանը քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Նախարարը շեշտեց նաեւ, որ Հայաստանի համար հետաքրքիր է Ճապոնիայի առողջապահական համակարգի փորձը ոչ միայն ֆինանսավորման, այլեւ կառավարման տեսանկյունից: Մասնավորապես` կարեւորվեց բնակչության առողջության պահպանման առաջնային օղակի հզորացմանն ուղղված քաղաքականությունը, որին են միտված նաեւ ՀՀ առողջապահության նախարարության վերջին շրջանում իրականացվող մի շարք ծրագրեր:
Դեսպանն ընդգծեց, որ Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի առողջապահության ոլորտում համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ հանրային առողջությանը, առողջապահական այլ թեմաներին վերաբերող հարցեր:






