Աղիքային ինֆեկցիաներով հիվանդացության մակարդակը Հայաստանի բոլոր տարածաշրջաններում նորմայի սահմաններում է: Անցյալ տարվա համեմատ՝ հիվանդությունների մակարդակն աճել է 1.06 անգամ: Այս մասին լրագրողներին պատմեց հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տնօրեն Նունե Բակունցը:
«Այսինքն՝ աճ գրեթե չկա», - նշեց նա՝ հավելելով, որ որեւէ պատճառ չկա անհանգստության համար, քանի որ ոչ համաճարակ, ոչ էլ հիվանդության հանկարծակի բռնկում Հայաստանում չի եղել:
Ինչ վերաբերվում է այդ ինֆեկցիաների դեպքերին, որոնք գրանցվել են մի շարք տարածաշրջաններում՝ մասնավորապես, Արմավիրում, ապա բոլոր այդ դեպքերը, մասնագետի խոսքով, ոչ մի կերպ միմյանց հետ կապված չեն: Հիվանդ երեխաները ոչ մի կերպ չեն շփվել միմյանց հետ եւ տարբեր գյուղերից էին: Ավելին՝ վերլուծության արդյունքների համաձայն՝ հիվանդությունների հարուցիչները բոլոր այս դեպքերում տարբեր էին:
Աղիքային ինֆեկցիաների որոշակի մակարդակ, Նունե Բակունցի խոսքով, Հայաստանում արձանագրվում է ամեն տարի, եւ ամռանը այդ մակարդակն ավելի բարձր է, քան ձմռան ընթացքում:
«Տարվա ամեն եղանակին հատուկ են որոշակի սեզոնային հիվանդություններ: Եթե ձմռան ընթացքում դա գրիպն է ու եւ այլ օդակաթիլային հիվանդություններ, ապա գարմանն ու ամռանը դա հիմնականում սուր աղիքային վարակներն են», - նշեց նա հավելելով, որ դա կապված է առաջին հերթին այն հանգամանքի հետ, որ ախտածին բակտերիաները ամռանն ավելի արագ են բազմանում, իսկ մարդիկ ավելի շատ սնունդ են օգտագործում, որը չի ենթարկվում ջերմային մշակման:






