Երիտասարդ տղամարդիկ կարող են սառեցնել իրենց սերմնահեղուկը 18 տարեկան հասակում, կարծում է բիոէթիկայի մասնագետ Քևին Սմիթը:

Նա իր այս տեսակետը փաստարկում է նրանով, որ ավելի ուշ հասակում հայր դարձողների երեխաների մոտ ավելի բարձր են մի շարք հիվանդությունների՝ աուտիզմի, հոգեկան խանգարումների հավանականությունը: Այդ պատճառով, բիոէթիկայի մասնագետի խոսքով, երկրների կառավարությունները պետք է սերմնահեղուկի համապատասխան բանկ ստեղծեն, որտեղ 18 տարեկան պատանիները կկարողանան պահպանել իրենց սերմնահեղուկը եւ օգտագործել այն, եթե, օրինակ, ցանկանան հայր դառնալ 40 տարեկան հասակում:

Քևին Սմիթի խոսքով՝ եկել է ժամանակը, որպեսզի հասարակությունը սկսի ավելի լուրջ վերաբերվել  հայրերի տարիքի՝ նրանց զավակների առողջության վրա ազդելու հանգամանքին: Վերարտադրողական ոլորտի մասնագետները, սակայն, թերհավատությամբ են վերաբերվում նրա պնդումներին եւ նշում, որ ուշ հայրանալը այդքան էլ վտանգավոր չէ: Մյուս հակափաստարկն էլ այն է, որ տղամարդկանց սերմնահեղուկը երբեմն այդքան էլ լավ չի սառեցվում:

Մի շարք մասնագետներ էլ պնդում են, որ այդպիսի բանկեր ունենալը վտնագավոր է, քանի որ դրանց պատճառով էլ ավելի մեծ տարածում կգտնի արհեստական բեղմնավորման գաղափարը եւ մարդկանց ոչ այնքան հիմնավորված հավատ կներշնչի, որ, սառեցված սերմնահեղուկ ունենալով, նրանք միշտ կարող են երեխա ունենալ, այնինչ իրականում այդ տեխնոլոգիաները հարյուր տոկոսանոց արդյունք չեն ապահովում: