«Կոչումով բժիշկ» նախագծի հերթական թողարկումը ներկայացնում է Ավդալբեկյանների բժշկական ընտանիքը եւ նվիրվում անվանի վիրաբույժի ծննդյան 95-ամյակին:
Կոչումով բժիշկների երեք սերունդ, որոնք իրենց ներդրումն են ունեցել եւ շարունակում են ունենալ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Բժշկական այս մեծ գերդաստանի հիմնադիրը հայտնի գիտնական Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանն է, որին գործընկերները տվել էին հայ վիրաբուժության եւ բժշկության նահապետ պատվավոր տիտղոսը: Հայ բժշկագիտության մեջ մեծ կշիռ ունեն ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի աշխատանքները՝ նվիրված սրտի էլեկտրամեխանիկական ակտիվությանը, սրտի լայնակի բլոկադայով հիվանդների էլեկտրաստիմուլյացիայի ուսումնասիրմանը, թոքերի կոմպենսատոր պրոցեսների ձեւաբանության, արյան մակարդման եւ ֆիբրինոլիտիկ համակարգերի, անգիոպուլմոնոգրաֆիայի եղանակով արյան փոքր շրջանառության, արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտմանը եւ այլն: Կյանքի 92 տարիներից 70-ը նա նվիրել է ազգային բժշկագիտության զարգացմանը` ոչ միայն հիմնելով եւ կայացնելով Առողջապահության ազգային ինստիտուտը, այլեւ որպես նորարար հանդես գալով բարդագույն վիրահատական միջամտությունների պատմության մեջ:
Հայ բժշկության նահապետը կյանքից հեռացել է 2013-ի մարտի 10-ին, 92 տարեկան հասակում: Նրա գործն այժմ շարունակում են որդին եւ երկու թոռները:





