«Մալաթիա» ԲԿ-ի ԼՕՌ ծառայությունը վերջերս գլխավորեց հայտնի օտոռինոլարինգոլոգ Ավետիք Մինասյանը, ով մինչ այդ գլխավորել է «Արմենիա» ՀԲԿ-ի գլխի, պարանոցի, քիթ-կոկորդ-ականջի պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքը: «Մալաթիա» ԲԿ-ն այս պահին առաջարկում է օտոռինոլարինգոլոգիայում հասանելի գրեթե բոլոր ծառայությունները՝  ներառյալ պալստիկ ու ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունը:

«Մենք բուժում ենք բոլոր պաթոլոգիաները, որոնք կապված են քթի ու խոռոչների հետ, վերացնում ենք քթի միջնապատի և արտաքին քթի դեֆորմացիաները՝ ռինոսեպտոպլաստիկա», - նշեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում Ավետիք Մինասյանը: Արվում են ձայնի ու լսողության վերականգնման վիրահատություններ: «Այսօր, բացառությամբ կոխլեար իմպլանտացիայի, չկա այնպիսի օտոռինոլարինգոլիական միջամտություն, որը մենք չենք կարող իրականացնել», - նշեց բժիշկը՝ հավելելով, որ կոխլեար իմպլանտացիա մոտ ապագայում ևս կիրականացվի: Մոտ ապագայում պլանավորվում է նաև ծառայությունը բաժանմունքի վերածել:

«Մալաթիա» ԲԿ-ում մատուցվող ծառայությունների թվում են նաև բնածին արատները, վնասվածքները, ուռուցքները, վահանաձև գեղձի խնդիրները:

Ինչպես պատմեց Ավետիք Մինասյանը՝ ԼՕՌ-վիրաբուժության ծառայությունների մեծ մասը կոկորդի չարորակ ուռուցքների բուժման ու հեռացման վիրահատություններն են կազմում: Այս խնդիրներն, ի դեպ, շատ հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ:

«Բուժման մեթոդները կախված են ախտորոշման ճշգրտությունից: Կոկորդի ուռուցքների դեպքում վիրահատությունները երեք տեսակի են լինում՝ ձայն վերականգնող, որոնք իրականացվում են ներսից, օրգանապահպան, որոնք ուղեկցվում են կոկորդի հեռացրած մասերի պլաստիկ վերականգնմամբ, և կյանքի ցուցումներով վիրահատություններ, որոնք կոչված են փրկելու պացիենտի կյանքը և վերականգնել շնչառությունն ու կուլ տալու հնարավորությունը, սակայն ձայնն այս վիրահատությունների դեպքում կարող է տուժել: Այս հիվադներին էլեկտրակոկորդ է տեղադրվում: Կա ևս մեկ տարբերակ, երբ տրախեո-կերակրափողային շունտավորում է իրականացվում և տեղադրվում է պրոթեզ, որը վերականգնում է ձայնը, սակայն ոչ բոլոր պացիենտներին է հնարավոր այսպիսի վիրահատություն իրականացնել», - նշեց նա:

Վիրաբույժը պարզաբանեց, որ առաջին տիպի վիրահատությունների դեպքում ուռուցքները հեռացվում են ձայնալարերի պահպանմամբ,  և պացիենտի ձայնը վիրահատությունից հետո շատ արագ վերականգվում է: Իսկ եթե ուռուցքի պատճառով ախտահարվում են նաև ձայնալարերը, այդ դեպքում դրանք էլ են հեռացվում, սակայն մոտակա մկաններից ձևավորվում են նոր ձայնալարեր: Երրորդ դեպքում հեռացնում են ոչ միայն ձայնալարերը, այլև կոկորդի մի մասը կամ ամբողջությամբ: «Այսպիսի դեպքերում վիրաբույժները լարինգոստոմա են ձևավորում՝ անցք կոկորդի վրա, որպեսզի մարդը կարողանա շնչել: Վեց ամիս անց ռեցիդիվի բացակայության դեպքում մոտակա մկաններից և մաշկից ձևավորվում է նաև բացակայող պատը», - պատմեց նա:

Ա. Մինասյանի խոսքով՝ բացի վիրաբուժական միջոցներից կամ դրանց հետ մեկտեղ՝ օգտագործվում է նաև ճառագայթային թերապիա կամ քիմիաթերապիա: Ամեն կոնկրետ դեպքում որոշումն ընդունվում է՝ ելնելով տվյալ դեպքի առանձնահատկություններից:

«Մալաթիա» ԲԿ-ում աշխատում են նաև  Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի դասախոսական կազմից դոցենտ Նունե Նահապետյանը և դոցենտ Հայաստան Մեսրոպյանը, բժիշկներ Վահան Նալբանդյանը, Արսեն Կոշտոյանը, համատեղելիության կարգով՝ Վահե Ավետյանը։ Բուժական գործի հետ համատեղ իրականացվում է դասավանդում։