«Առողջության ակցիա» հայ-ֆրանսիական ասոցացիայի բժիշկները կարող են անվճար օգնություն ցույց տալ որոշ հայ հիվանդներին, բայց դա եզակի դեպքեր կարող են լինել, նրանք չեն կարող անընդհատ անվճար օգնություն ցուցաբերել:Այս մասին հունվարի 31-ին մամլո-ասուլիսի ժամանակ հայտնեց «Առողջության ակցիա» ասոցացիայի նախագահ, Ֆրանսիայից ժամանած սրտաբան Ավետիս Մատիկյանը:
«Դուք ձեր աշխատանքը անվճար անում ե՞ք»,- պատասխանեց նա լրագրողներից մեկի հարցին, ով հետաքրքրվում էր, արդյոք ֆրանսիացի բժիկը իր այցելությունների ժամանակ չունեւոր խավի համար իրականացնում է անվճար բուժօգնություն, կամ միգուցե նրանց համար գործում է ինչ-որ զեղչային համակարգ: Լրագրողը նաեւ նշեց, որ վիրահատությունների արժեքը միլիոն դրամից ավել է, եւ Հայաստանի բնակիչներից շատ քչերը կարող են այդպիսի գումար վճարել, իսկ երբ բժշկից փորձեցին պարզել, թե ինչ արժեն նման վիրահատությունները Ֆրանսիայում, նա ասաց որ տեղյակ չէ, որովհետեւ գումարը վճարում են ապահովագրական ընկերությունները։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամլո-ասուլիսը նվիրված էր առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքների ամփոփմանը: Դրանք ամփոփեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Հայաստանի առողջապահության նախարարության արտաքին կապերի վարչության ղեկավար Հայկ Գրիգորյանը եւ «Առողջության Ակցիա» ասոցացիայի նախագահ Ավետիս Մատիկյանը:
Դեսպան Անրի Ռենոն շնորհակալություն հայտնեց ասուլիսի հյուրերին, ինչից հետո նշեց, որ Հայաստանը եւ Ֆրանսիան առաջին տարին չէ, որ համագործակցում են տարբեր ոլորտներիում: Մի քանի տարի առաջ հայ-ֆրանսիական համագործակցության շնորհիվ «Նորք Մարաշ» ԲԿ-ում վերապատրաստվել են մի քանի սրտաբան-մասնագետներ: Դեսպանի խոսքով այս համագործակցությունը չի սահմանափակվել Երեւանով, ավելի ուշ որոշում է ընդունվել ջանքերն ուղղել Հայաստանի այլ շրջաններ: Այսպիսով միտք ծագեց ստեղծելու սրտաբանական կենտրոն Գորիսում, որը բացվել է 2013 թվականի ձմռանը: Նաեւ Հայաստանը եւ Ֆրանսիան համատեղ ուժերն են ներդրել ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի մեջ: Ֆրանսիան համագործակցում է Վ.Ա. ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանական կենտրոնի հետ:
Գոհ լինելով համագործակցության արդյունքներից, Մատիկյանը հաղորդել է , որ «Առողջութայն Ակցիա» ասոցացիան գոյություն ունի 1993 թվականից՝ շնորհիվ Մարսելի ծագումով հայ բժիշկների նախաձեռնության: «Մենք առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի հետ եզրակացության ենք եկել, որ անհրաժեշտ է Հայաստան այնպիսի ներմուծել տեխնիկա, որը գոյություն չունի ամբողջ տարածաշրջանում»,- նշեց Մատիկյանը, ավելացնելով, որ դրանից հետո հանրապետութուն է ներմուծվել անգիոպլաստիկայի համար նախատեսված սարքավորում, որը թույլ է տալիս առանց վիրահատական միջամտության բացել խցանված անոթները:
Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարության եւ նախարար Դերենիկ Դումանյանի անունից Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայից ստացված օգնության համար դեռեւս 1988 թվականից, երբ Հայաստանում տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժը: Գրիգորյանը ընդգծեց, որ աղետից հետո շատ տուժածներ բուժվել են Ֆրանսիայում:






