27-ամյա Նաիռան տառապում է տրոմբոֆիլիայի բնածին տեսակներից մեկով: Վերջինս հիվանդություն է, որը բնութագրվում է արյան մակարդելիության խախտումներով ու տրոմբոզի զարգացման ռիսկերով: Չնայած նրան, որ Նաիռան գտնվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո՝ հատկապես հղիանալուց հետո, հղիության 29-30-րդ շաբաթում նրա մոտ բարդացումներ ի հայտ եկան, որոնց արդյունքում պտուղը մահացավ, իսկ Նաիռա մոտ էլ կյանքի վտանգ ներկայացնող արյունահոսություն սկսվեց:
Անգիտակից վիճակում Նաիռային տեղափոխել են պերիանտոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտ: ՀՀ առողջապահության նախարար Առմեն Մուրադյանի հրամանով կլինիկային ժամանել նաեւ արյունաբաններ, որոնք գինեկոլոգների եւ վիրաբույժների հետ միասին անում էին ամեն հնարավորը՝ կնոջը բուժելու համար: Առաջին հերթին, ինչպես պատմեց NEWS.am Medicine-ին պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, անհապաղ կեսարյան հատում է իրականացվել, մահացած պտուղը հեռացվել է:
«Հիմնական բարդությունը նրա մեջ է, որ արյան մակարդելիությունը կնոջ մոտ զրոյական էր», - բացատրեց մասնագետը:
Պետպատվերի շրջանակներում կնոջը դեղորայք է տրամադրվել, որը վերականգնեց արյան մակարդելիությունը եւ օգնեց կանգնեցնել արյունահոսությունը: Բժիշկները ստիպված եղան նաեւ մի քանի լիտր արյան ու պլազմայի փոխներարկում իրականացնել: Ավելին՝ բժիշկներին, չնայած ռիսկերի առկայությանը, հաջողվեց պահպանել կնոջ արգանդը, այնպես որ, բացառված չէ, որ ապագայում նա կրկին կարող է երեխա ունենալ:
Այժմ Նաիռան արդեն չի հիշում, ինչպես տեղի ունեցավ այս ամենը եւ չգիտի, ինչպես մահացավ պտուղը: Սակայն նա եւ նրա ամուսին Օհանը անչափ շնորհակալ են կլինիկային եւ առողջապահության նախարարությանը: Օհանը հատկապես զգացված էր նրանով, թե ինչպես բժիշկներն իրենց գործը անում: Մասնագետներից մեկի մոտ այդ օրը ամուսնության միամյակն էր, սակայն նա չգնաց տուն, այլ մնաց հիվանդի հետ:
Մանրամասները տեսանյութերում:





