Վերջին տարիներին բազմաթիվ հակաէպիլեպտիկ դեղեր են ի հայտ գալիս, որոնք առանձնանում են իրենց բարձր արդյունավետությամբ եւ օրգանիզմի կողմից յուրացման բարձր մակարդակով: Եթե 20 տարի առաջ ընդամենը 2-3 դեղ կար, ապա այսօր դրանք մոտ 30-ն են: Սակայն պետք է նշել, որ դրանք չեն բուժում էպիլեպսիայից, այլ նվազեցնում նոպաների հաճախականությունը: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց էպիլեպտոլոգ Լիլիթ Մնացականյանը Իրվայնի Կալիֆորնիայի համալսարանից:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է ճիշտ դեղեր ընտրել տարբեր տեսակի պացիենտների համար: «Սակայն պատահում է, որ այդ դեղերը ընդհանրապես չեն օգնում: Այս դեպքում դիմում են վիրահատության: Սակայն այստեղ էլ շատ բան կախված է նրանից, թե ուղեղի որ հատվածն է վնասված: Եթե կծկումները օջախային բնույթ ունեն (կիստա, ուռուցք) եւ հնարավոր է այն ստույգ բացահայտել, մենք վիրահատում ենք: Այս դեպքում բուժման հավանականությունը շատ բարձր է», - նշեց մասնագետը:

Նա հայտնեց նաեւ, որ ժառանգական էպիլեպսիայի դեպքերը հիմնականում 10 տոկոս են կազմում:

«Էպիլեպսիայի դեպքերի մեծամասնությունը հիմնականում ժառանգական չի լինում, այդ պատճառով առողջ երեխաների լույս աշխարհ գալու հավանականությունը շատ մեծ է», - ընդգծեց բժիշկը:

Խոսելով այս հիվանդության դեպքում առկա սահմանափակումների մասին՝ էպիլեպտոլոգը նշեց, որ շատ կարեւոր է հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալու պես դիմել բժշկի: «Շատ բան, իհարկե, կախված էպիլեպսիայի տեսակից: Սակայն ես փորձում են ոչնչով չսահմանափակել պացիենտներին: Ամենակրեւորը այս հիվանդության դեպքում նորմալ գիշերային քունն է՝ 6-7 ժամ: Քնի պակասը ավելացնում է նոպաների քանակը»:

Ինչ վերաբերվում է ալկոհոլի օգտագործմանը, ապա, մասնագետի խոսքով, կարեւոր է չափը ճանաչել, քանի որ դեղերի հետ համակցված ալկոհոլը կարող է շատ վտանգավոր լինել: