Նորվեգացի անվանի վիրաբույժ Էդվին Բյորնը, որը Հայաստան է այցելել 4-րդ միջազգայն բժշկական համագումարին մասնակցելու համար (հուլիսի 1-4), այցի ընթացքքում նաեւ ցուցադրական վիրահատություն է կատարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Ինչպես պատմեց NEWS.am Medicine-ին կենտրոնի ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ՝ Հրաչյա Բաղդասարյանը, երիտասարդ պացիենտի մոտ ախտորոշվել է աջ մակերիկամի մեծ չափերի ուռուցք: Էդվին Բյորնի մասնակցությամբ իրականացվել է մակերիկամի հեռացման վիրահատություն լապարասկոպիկ մեթոդով: Այն եզակի վիրահատություն է, որը հազվադեպ է կատարվում ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանի շատ երկրներում: Վիրահատության ընթացքում Բյորնի ասիստենտն է եղել մեր հայրենակից Հայրազատ Ղազարյանը, ով նորվեգացու հետ աշխատում է Օսլոյի համալսարանական կլինիկայում, և ում ջանքերի շնորհիվ Բյորնը այցելել է Հայաստան: «Հավելեմ նաեւ, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում վիրահատության ընթացքը օնլայն ռեժիմով հեռարձակվեց կոնֆերանս դահլիճում, որը հնարավորություն տվեց ավելի մեծ թվով վիրաբույժների ականատես լինել կատարվող ցուցադրական վիրահատությանը», - պատմեց նա:

Ինչպես նշեց Հ. Բաղդասարյանը, «Իզմիրլյան» ԲԿ-ում նմանատիպ վիրահատություններ նախկինում կատարվել են բաց մեթոդով, սակայն լապարասկոպիկ եղանակով կատարված վիրահատությունը ավելի քիչ տրավմատիկ է եւ նվազ խնդրահարույց պացիենտի համար:

Էդվին Բյորնը, ով ճանաչված հեղինակություն է լյարդի, ենթաստամոքսային գեղձի ու մակերիկամների լապարասկոպիկ վիրահատությունների բնագավառում, նախօրեին այցելել է կլինիկա, զննել հիվանդին, ծանոթացել հետազոտության տվյալներին, վիրահատարանի հնարավորություններին: Է. Բյորնը բարձր է գնահատել հայ մասնագետների պատրաստվածության մակարդակը, սակայն նշել է, որ սարքավորումները նորացման եւ համալրման կարիք ունեն: «Մոտ ապագայում մեր կենտրոնը կհամալրվի լապարասկոպիկ նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն կընձեռի ավելի մեծ ծավալի վիրահատություններ իրականացնելու»,- նշում է բաժանմունքի վարիչը: Մասնավորապես պլանավորում ենք նաեւ լյարդի, ենթաստամոքսային գեղձի լապարասկոպիկ վիրահատություններ, որոնք դասվում են բարդ վիրահատությունների շարքին: Բուժանձնակազմը նույպես պետք է վերապատրաստում անցնի, եւ դա կարող է իրականացվել երկու տարբերակով՝ անվանի մասնագետներին կլինիկա հրավիրելով եւ տեղում ուսուցումը կազմակերպելով (ինչպես Բյորնի դեպքում), ինչպես նաեւ առաջատար կլինիկաներում մեր բժիշկների վերապատրաստումով:
«Նշեմ նաեւ, որ , «Իզմիրլյան» ԲԿ-ն պրոկտոլոգիական հիվանդությունների բուժման ասպարեզում առաջատարն է հանրապետությունում, ուստի խիստ արդիական է լապարասկոպիկ եղանակով պրոկտոլոգիական վիրահատությունների իրագործումը մեր կլինիկայում, որը նախատեսվում է մոտ ապագայում», - ասաց բաժանմունքի ղեկավարը:

Հաշվի առնելով, որ «Իզմիրլյան» ԲԿ-ն գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, այն վայելում է աշխարհասփյուռ հայության աջակցությունը, ինչը հնարավորություն է տալիս հիվանդանոց հրավիրել հռչակավոր վիրաբույժների տարբեր երկրներից: «Իզմիրլյան» ԲԿ-ում լյարդի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների վրա բաց վիրահատությունների կատարման մեթոդիկան ներդրվել է շուրջ 8 տարի առաջ մոսկվաբնակ հայ օնկոհեպատոլոգ Խաչատուր Բադալյանի աջակցությամբ: Այս տարիների ընթացքում կուտակած փորձը այն գրավականն է, որ թույլ կտա սկսել իրագործել նշված վիրահատությունները նաեւ լապարասկոպիկ եղանակով:
Է. Բյորնի մասնակցությամբ վիրահատությունն ավարտելուց հետո հիվանդանոցում քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում Բյորնը վստահություն է հայտնել, որ նման վիրահատություններն կարող են իրականացնել տեղացի վիրաբույժները: Հ. Բաղդասարյանը նշեց, որ համապատասխան սարքավորումները տեղադրելուց հետո «Իզմիրլյան» ԲԿ-ն պլանավորում է հրավիրել հայտնի վարաբույժին ավելի երկար ժամանակով, որպեսզի հայ վիրաբույժները կարողանան լիովին յուրացնել տեխնիկան եւ հետագայում իրականացնել նմանատիպ վիրահատություններ: Ընդհանրապես, լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի վիրաբուժությունը որովայնային վիրաբուժության բարձրագույն պիլոտաժն է համարվում, եւ եթե լեղապարկի լապարոսկոպիկ հեռացումը արդեն իսկ ընտրության մեթոդ է եւ արվում է գրեթե բոլոր կլինիկաներում, ապա վերոնշյալ վիրահատությունները արվում են Հայաստանում շատ փոքր ծավալներով եւ ընդամենը մի քանի տեղում, իսկ դրա կարիքն ունեցող հիվանդների քանակը գերազանցում է իրականացվող վիրահատությունների քանակը: «Մեր լավատեսությունը հիմնված է նախկինում արված վիրահատությունների մեծ փորձի վրա, այն սարքավորումների վրա, որոնցով շուտով կհամալրվի մեր կլինիկան, ինչպես նաեւ մեր միջազգային կապերի վրա, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք կլինիկա հրավիրել փորձառու օտարերկրյա մասնագետների», - նշեց նա:

«Իզմիրլյան» ԲԿ-ի ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը գործում է 2000 թվականից: Բաժանմունքում որովայնային գրեթե բոլոր օրգանների վիրահատություններ են իրականացվում, իրականացվում են նաեւ բարդ ճողվածքների վիրահատություններ՝ ժամանակակից ալոպլաստիկ նյութերով, պոլիպրոպիլենային ցանցերով: Առաջարկվող վիրահատություններից են նաեւ էնդոկրին համակարգի վիրահատությունները, կրծքագեղձի վիրահատությունները եւ ալյն:

Բաժանմունքում 7 վիրաբույժ է աշխատում, որոնք վերապատրաստվել են ռուսաստանյան եւ եվրոպական առաջատար կլինիկաներում:






