Մոր ու մանկան առողջության ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է: Մասնավորապես, վերջին տարիներին այստեղ նկատելիորեն նվազել են մոր ու մանկան մահացության ցուցանիշները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց նաեւ, որ միայն ծննդաբերական օգնությանն ու մանկական առողջությանը Հայաստանում ամեն տարի մոտ 14 մլրդ դրամ է հատկացվում: Ավելին՝ առողջապահական բյուջեի մոտ 35-40 տոկոսն ուղղվում է մոր ու մանկան առողջությանը նվիրված ծրագրերի իրականացմանը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ մոր ու մանկան առողջության ոլորտում հաջողությունները արձանագրվում են ոչ միայն հայ, այլ նաեւ միջազգային մասնագետների կողմից: Դրանք արտացոլված են նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների զեկույցներում:
Մայրերի ու երեխաների շրջանում մահացության ցուցանիշները, ինչպես նշեց նախարարի տեղակալը, նկատելիորեն նվազել են վերջին տարիներին: Անցած տարի այն կազմել էր 9.8 պրոմիլե, իսկ 7-8 տարի առաջ՝ 20 պրոմիլե եւ ավել:
Այս հաջողությունների կայացման գործում անչափ մեծ էր առողջապական ոլորտում մի շարք ծրարգերի ներդրման դերը: Մասնավորապես, Սերգեյ Խաչատրյանը հիշատակեց հղիության ընթացքում եւ երեխայի լույս աշխարհ գալուց հետո սքրինինգային ծրագրի (տեսողություն, լսողություն, կոնքային հոդ) ներդման կարեւորությունը: Շատ կարեւոր է նաեւ «առաջին 1000 օր» ծրագիրը, որի շրջանակներում երկրի շրջաններում լայնամասշտաբ ծրագրեր են իրականացվել՝ երիտասարդ ծնողներին սովորեցրել են ճիշտ սնվել, քանի որ առողջ սննդակարգը նպաստելու է նրանց բնականոն զարգացմանը:
2008 թվական անվճար ծննդօգնության սերտիֆիկատների, ինչպես նաեւ մինչեւ 7 տարեկան երեխաներին անվճար բուժօգնության ներդրումը նույնպես շատ մեծ դեր խաղաց:
«Իհարկե, պետք չէ կանգ առնել ձեռք բերվածի վրա: Այս ցուցանիշները կարելի է էլ ավելի բարելավել: Մենք ձգտում ենք հասնել եվրոպական միջին ցուցանիշներին, ինչի համար էլ համապատասխան միջոցառումներ են իրականացվում, իսկ ծրարգրերն էլ ընդլայնվում են», - նշեց փոխնախարարը:






