Այն եռանդով, որով հայ տղամարդիկ  տեխզննման են տանում  իրենց մեքենաները, նույն եռանդով էլ իրեք պետք է ենթարկվեն կանխարգելիչ բուժզննման, քանի որ ինչպես ցույց են տալիս տարբեր հետազոտություններ, Հայաստանի ուժեղ սեռի ներկայացուցիչների առողջական վիճակը, մեղմ ասած, այդքան էլ լավ չէ: Այս մասին Երեւանում ընթացող «Տղամարդու առողջություն»  9-րդ  միջազգային գիտաժողովի բացմանը հայտարարեց համանուն միության նախագահ եւ գիտաժողովի կազմակերպիչ Արեն Բաբլումյանը:

«Գոյություն ունի առողջության հանդեպ պատասխանատու վերաբերմունք հասկացույունը: Մեր ազգակիցներն իրենց առողջությանը հաճախ  մատների արանքով են նայում: Տղամարդիկ բժշկի են դիմում, երբ հիվանդությունն արդեն բարձիթողի վիճակում է», - ասաց նա, ավելացնելով, որ եվրոպացիներն ու ամերիկացիները ամեն ինչ աստիճանաբար են անում, կանխարգելիչ ռեժիմով, եւ դա հենց այն է, ինչին մենք պետք է ձգտենք:

Ըստ Բաբլումյանի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայ տղամարդիկ ավելի հազվադեպ են օգտվում առողջապահական ծառայություններից, քան կանայք, եւ նրանց կյանքի տեւողությունը 7  տարով ավելի կարճ է, քան կանանցը: Տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են տուժում դժբախտ պատահարներից:  Նրանք նաեւ առաջատարն են մահացության տասը հիմնական պատճառների շարքում՝ սիրտ-անոթային հիվանդություններ, չարորակ հիվանդություններ, վնասվածքներ, թոքերի հիվանդություններ, թոքաբորբ, շաքարախտ, ինքնասպանություն, լյարդի եւ երիկամների քրոնիկ հիվանդություններ եւ ցիրոզ:

Ներկայացնելով Հայաստանում նոր բժշկական ուղղության  զարգացման պատմությունը, Արեն Բաբլումյանը հիշեցրեց, որ «Արմենիա» ԲԿ-ում 2004 թվականի մարտին, երբ սովորաբար նշում են կանանց միամսյակը, անկացնվել է տղամարդու առողջության միամսյակ, որին մասնակցել են հայտնի մարդիկ՝ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը, դերասան Միքայել Պողոսյանը եւ այլք, ովքեր դրանով փորձել են օրինակ ծառայել մյուս տղամարդկանց:

Գիտաժողովի կարգախոսն է՝ «Առողջ տղամարդ՝ առողջ ընտանիք»: Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգը, Հայաստանի ուրոլոգների ասոցացիայի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, Հայաստանում, ինչպես աշխարհի շատ ուրիշ երկրներում,  այսօր սոցիումում առկա ամեն ինչի հիմքը ընտանիքն է, ուստի առողջ տղամարդը՝ երջանիկ ընտանիքի գրավականն է:

Նա նշել է, որ Հայաստանում այս ուղղության հիմքերը դրվել են դեռեւս տասը տարի առաջ: Առաջին քայլերը ձեռնարկել են ուրոլոգները, ովքեր ավանդաբար ասոցացվում են տղամարդու առողջության հետ, այնուհետեւ սահմաններն ընդլայնվել են՝ ներառելով տաբեր ոլորտի մասնագետների: Ա. Մուրադյանը վստահություն հայտնեց, որ «տղամարդու առողջություն» նոր ուղղությունը մոտ ապագայում  ինստիտուտների ստեղծման համար հիմք կհանդիսանա:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, Հայաստանի ուրոլոգների ասոցացիայի հիմնադիր, պրոֆեսոր Իվան Աղաջանյանը նշեց, որ շատ ուրախ է  տեսնել դահլիճը՝ լեցուն տղամարդու առողջության ջատագովներով, ինչպես նաեւ վստահություն հայտնեց, որ հաջորդ նման գիտաժողովը արդեն տեղի կունենա «Կնոջ դերը տղամարդու առողջության մեջ» խորագրով:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ «տղամարդու առողջությունը» առանձնացվել է որպես ուրույն ուղղություն, Արեն Բաբլումյանը բացատրեց, որ բժշկության մեջ գոյություն ունի առանձին ճյուղ՝ գինեկոլոգիա, որը զբաղվում է բացառապես կանանց առողջությամբ, իսկ տղամարդու առողջության խնդիրներով ավանդաբար զբաղվում է ուրոլոգիան, որը սակայն չի ընդգրկում խնդիրների ողջ համալիրը, ուստի  կարիք եղավ ստեղծել այսպիսի  միջմասնագիտական ուղղության՝ «տղամարդու առողջություն»:

Պատասխանելով հարցին, թե ի վերջո ինչո՞ւ են տղամարդիկ ավելի հակված հիվանդություններին, քան կանայք, նա նշեց, որ տղամարդիկ ավելի շատ են ենթարկվում ռիսկի գործոններին՝ սթրես, սոցիալական պատասխանատվություն եւ ընտանիքի բարեկեցության համար պատասխանատվություն:

Գիտաժողովի զեկույցներում կան ինչպես դասական ուրոլոգիական թեմաներ՝ շագանակագեղձի հիպեպլազիա, միզապարկի քարեր, գերակտիվ միզապարկ, տղամարդու անպտղության թեմա՝ ազոսպերմիա, այնպես էլ այնպիսի հետազոտություններ, որոնք փորձում են պարզել տարբեր գործոնների՝ քնի, սննդի, կենսակերպի ազդեցությունը տղամարդու առողջության վրա: