Ցողունային բջիջների փոխպատվաստումը բուժման մեթոդ է, որը հարյուր հազարավոր կյանքեր է փրկում ամբողջ աշխարհում: Մոտ ապագայում այս մեթոդը կկիրառվի նաեւ Հայաստանում: 2016 թվականին Երեւանի արյունաբանական կենտրոնին կից բացվելու է ոսկրածուծի փոխպատվաստման կլինիկա, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանում:
Այս մեթոդի բոլոր առավելությունների հետ մեկտեղ այն բավականին բարդ է եւ բուժանձնակազմի համապատասխան պատրաստություն է պետք: Ոսկրածուծի եւ ցողունային բջիջների փոխպատվաստման բոլոր բարդությունների հետ մեկտեղ NEWS.am Medicine-ին պատմել է Շոն ՄակԿենը (Իրլանդիա), որը առաջին մասնագետներից մեկն էր, ով սկսեց փոխպատվաստում իրականացնել Իրլանդիայում դեռեւս 1984 թվականին:
«Մազերս սեւ էին, երբ սկսեցի զբաղվել այս գործով, այժմ դրանք սպիտակ են», - ժպտում է ՄակԿենը:
Եվ այսպես, ի՞նչ բարդություններով է ուղեկցվում փոխպատաստումը եւ ինչի՞ն պետք է պատրաստ լինեն մասնագետները:
1. Համագործակցություն տարբեր մասնագետների միջեւ
Կլինիկայում, որտեղ ոսկրածուծի փոխպատվաստում են անում, պետք է սերտ համագործակցություն լինի տարբեր մասնագետների միջեւ: Այնտեղ պետք է լինեն ռադիոլոգներ, վիրաբույժներ, արյունաբաններ, ակնաբույժներ, սրտաբաններ, գինեկոլոգներ եւ շատ այլ մասնագետներ, որոնք պետք է մասնակցեն գործընթացին:
Ինչպես բացատրեց պրոֆեսորը, բանն այն է, որ մինչեւ փոխպատվաստումը պացիենտը ստանում է քիմիաթերապիայի բարձր չափաբաժիններ՝ նրա մոտ մնացած ցողունային բջիջները սպանելու համար: Այդ պրոցեդուրայից հետո մարդը շատ խոցելի է դառնում տարբեր ինֆեկցիաների համար: Շատ հաճախ դրանք ախտահարում են աչքերը, այդ ժամանակ ակնաբույժի օգնության կարիք է ի հայտ գալիս:
Որոշ դեղեր կարող են վնաս հասցնել սրտին, եւ այդ ժամանակ սրտաբանի օգնության կարիք ի հայտ կգա:
Իսկ ահա քիմիաթերպաիան ու ռադիոթերապիան կարող են կնոջը անպտղաբեր դարձնել, ուստի անհրաժեշտ է նաեւ գինեկոլոգի օգնությունը, որը կհուշի, ինչպես պահպանել ֆերտիլությունը:
2. Բուժքույրերի պատրաստում
Պացիենտների հետ աշխատող բուժքույրերը փոխպատվաստումից առաջ, հետո եւ ընթացքում պետք է մասնագիտական տեսանկյունից պատրաստված լինել, քանի որ նրանց դերը շատ կարեւոր է եւ անգնահատելի, պնդում է պրոֆեսորը:
3. Դեղորայք ու դեղագետներ
Փոխպատվաստում իրականացնելիս բազմաթիվ դեղեր են օգտագործվում, եւ բոլորն էլ պետք է լինեն հասանելի մասնագետների համար: Նաեւ շատ կարեւոր է, որ թմում նաեւ լավ դեղագետ լինի, որը ստույգ գիտի, ինչ դեղեր է կարելի համակցել:






