Վերջերս անցկացված հետազոտության արդյունքներով, տղամարդիկ, ովքեր երկար ժամանակ չեն կարողանում աշխատանք գտնել, ավելի արագ են ծերանում:

Ըստ բրիտանացի հետազոտողների՝ ծերացումն արտահայտվում է նրանց ԴՆԹ-ում: Ավելի կոնկրետ՝ այն գենի վերջույթի երկարության մեջ է, որն անվանում են «տելոմեր» (telomere): Տելոմերի կրճատումն արդեն վաղուց դիտարկվում է որպես ծերացման ցուցանիշ:

Ավելի կարճ տելոմերները կապված են տարիքային պաթոլոգիաների ավելի բարձր վտանգի հետ, ինչպիսիք են, օրինակ՝ սրտի հիվանդություններն ու երկրորդ կարգի շաքարախտը:

Երկարատեւ մշտական սթրեսը մարմնում փոխում է հորմոնները, ինչն էլ տելոմերի երկարության փոփոխությունների պատճառ է հանդիսանում:

Newsmax Health-ի փոխանցմամբ, հետազոտության համար գիտնականներն ուսումնասիրել են 1966 թվականին Ֆինլանդիայում ծնված 5.600 տղամարդկանց եւ կանանց ԴՆԹ-ն:

Մասնավորապես, նրանք ուսումնասիրել են տելոմերի երկարությանը ԴՆԹ-ի այն նմուշներում, որոնք վերցվել են 1997 թվականին, երբ գիտափորձի մասնակիցները 31 տարեկան են եղել:

Հետազոտողները հայտնաբերել են, որ վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 2 տարի գործազուրկ եղած տղամարդիկ ավելի շատ թվով կարճ տելոմեր են ունեցել, քան աշխատողները:

Համոզվելու համար, որ նման արդյունքներ են գրանցվել միայն գործազրկության հետեւանքով, գիտնականները հաշվի են առել նաեւ սոցիալական, կենսաբանական եւ վարքագծային այլ գործոններ, որոնք հանգեցրել են տելոմերի կարճեցմանը: