Ոսկրածուծի հաջող փոխպատվաստման համար անհրաժեշտ է դոնոր գտնել, որը հարյուր տոկոսով համատեղելի կլինի պացիենտի հետ: Այս մասին գիտեն բոլոր բժիշկները, ինչպես նաեւ բժշկությամբ հետաքրքրվող մարդիկ: Սակայն վերջերս բժշկությունում սկսկեց կիրառվել փոխպատվաստման նոր մեթոդ, որը դոնորի ու պացիենտի` ընդամենը 50 տոկոս համատեղելիություն է պահանջում:
Այս երեւույթը կոչվում է հապլոիդենտիկ փոխպատվաստում (haploidentical transplant), եւ դրա մասին NEWS.am Medicine-ին պատմեց պրոֆեսոր Շոն ՄակԿենը Իրլանդիայից, որը առաջիններից մեկն էր, ով սկսկեց Իրլանդիայիում դեռեւս 1984-ին կիրառել այս փոխպատվաստումը:
Նրա խոսքով` այն ժամանակ` 25 տարի առաջ իրլանդական ընտանիքներում հարաբերականորեն շատ երեխաներ էին ծնվում, եւ նրանց մեջ դոնոր գտնելը այնքան էլ բարդ չէր (25 տոկոսանոց հավանականություն կա, որ 4 երեխաներից երկուսը համատեղելի կլինեն): Սակայն այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, ծնելիության մակարդակը նվազել է, չորս երեխաներով ընտանիքներ ավելի ու ավելի հազվադեպ են հանդիպում: Եթե հարյուր տոկոսով համատեղելի դոնոր չի հաջողվում գտնել, անում են փոխպատվաստում` պացիենտի բարեկամների ու ընտանիքի անդամների` միայն 50 տոկոսով համատեղելի ոսկրածուծի կիրառմամբ: Սովորաբար դոնոր է այս դեպքերում դառնում մայրը կամ հայրը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը իմունոլոգիական տեսանկյունից առնվազն 50 տոկոսով համատեղելի է երեխաների հետ:
Թվում է` 50 տոկոսը շատ քիչ է: Սակայն, ինչպես նշեց պրոֆեսորը, եթե ռեցիպիենտն ու դոնորը բարեկամներ են, 50 տոկոսանոց համատեղելիությունը արդեն կարող է բավարար լինել:
Շատ բան կախված է նաեւ այն բանից, թե ինչպես է կիրառվում քիմիաթերապիան, որպեսզի ճնշվի իմունիտետը եւ կանխվի տրանսպլանտատի վանումը։
Հապլոիդենտիկ փոխպատվաստումը բժշկությունում սկսել է օգտագործվել մոտ 4-5 տարի առաջ, եւ այժմ այս մեթոդը շատ հեռանկարային է թվում: Այն հույս է պարգեւում արյան քաղցկեղային հիվանդություններ ունեցող մարդկանց, որոնց չի հաջողվում համատեղելի դոնոր գտնել: Սակայն ժամանակ է պետք` հասկանալու համար, թե ինչքան արդյունավետ է այս մեթոդը երկարաժամկետ հեռանկարում:






