Հուլիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կրկին արձանագրվել է սնկից թունավորման դեպք` 1 տուժածով: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել են առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։

Թունավորման պատճառը հիվանդի կողմից հավաքված սնկի օգտագործումն է սննդում: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության, հիվանդը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել առողջացումով:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`

            • չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ

            • չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի

            • սննդում չօգտագործել հում սունկ

            • սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում 

            • չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի

            • հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել

            • ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց: Թունավորման նախնական ախտանշաններն են՝

            • սրտխառնոց

            • փսխում

            • սուր ցավեր որովայնի շրջանում

            • ջերմություն

            • ստամոքի և բարակ աղու բորբոքում

            • գլխապտույտ

Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: